ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՒՈՐ ԿԵՆՏՐՈՆԸ ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2704-ԱՄՅԱԿԸ

Տոներ և հիշատակի օրեր
11.10.2019

«Իմ հոգու քաղաք Էջմիածին» խորագրի ներքո համայն հայության հոգեւոր կենտրոնը նշեց հիմնադրման 2704-ամյակը: Քաղաքի տոնը նշվեց մեծ շուքով, տոն էր յուրաքանյուր էջմիածնեցու սրտում:
Կոմիտասի անվան մշակույթի պալատում վաղ առավոտից դիմավորում էին հյուրերին՝ հանրապետության տարբեր քաղաքներից եւ քույր քաղաքներից: Էջմիածնեցիներին շնորհավորելու էին եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատգամավոերներ եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Տոնը մեկնարկեց հանդիսավոր նիստով:
Էջմիածնեցիներին շնորհավորական խոսք ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը մասնավորապես նշեց՝ «Էջմիածինը ոչ միայն համայն հայության հոգեւոր մայրաքաղաքն է, այլեւ մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոնը»:
Չխախտելով տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթը, քաղաքի տոնին մեծարվեցին տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած, վաստակ վայելող եւ քաղաքի զարգացման գործում ավանդ ունեցող մի շարք անձիք՝ պարգեւատրվելով «Քաղաքի բարեկամ» եւ «Պատվավոր քաղաքացի» կոչումներով:
Էջմիածնի 2704-ամյակին քաղաքի բարեկամ կոչում շնորհվեց՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին՝ Էջմիածնին ցուցաբերած աջակցության համար, բարերար Գոռ Սահակյանին՝ քաղաքում խաղահրապարակներ հիմնելու համար եւ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանին՝ Համահայկական խաղերի մեկնող Էջմիածնի պատվիրակությանը ցուցաբերած աջակցության համար:
Պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացան՝ Ֆիզիկայի վաստակավոր ուսուցիչ Արծրունի Հարությունյանը եւ Էջմիածին ԲԿ-ի բազմամյա աշխատակից, անասթեզիոլոգ Մելիքսեթ Կոնդյանը:
Հանդիսավոր նիստից հետո քաղաքապետ Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Սբ. Մարիանե այգում, ծանոթացան «Ռուբեն Նալբանդյան Վարպետաց դպրոցի» սաների քանդակներին, ապա մասնակցեցին ՀՀ-ում առաջին եւ դեռեւս միակ «խելացի կանգառի» պաշտոնական բացմանը, ծանոթացան հնարավորություններին:
Խելացի կանգառը նվեր էր քաղաքին «Խելացի կանգառը» ՍՊԸ-ի կողմից: Կանգառը քաղաքացուն տեղեկացնում է մոտեցող ավտոբուսի համարի եւ ժամանման մասին, ունի wi-fi` անվճար ու անսահմանափակ, տեղեկատվական վահանակ զբոսաշրջիկների համար՝ տեղեկացնում է քաղաքի թանգարանների եւ տեսարժան վայրերի մասին, առաջարկում սննդի կետեր եւ այլն: Կանգառն ունի սմարթֆոնների լիցքավորման հնարավորություն, անվտանգության համակարգ, ԱԻՆ կանչի կոճակ, բանկոմատներ, վճարային ապարատներ, աղբի տեսակավորման հնարավորություն, օդափոխության եւ ջեռուցման համակարգ:
Առաջիկայում քաղաքը կունենա 8 նման կանգառ:
Տանական միջոցառումների շարքում էին Էջմիածնեցի նկարիչների կտավների ցուցահանդեսը Մշակույթի պալատի նախասրահում՝ Կոմիտասի հնչյունների ներքո, նարդու եւ շախմատի ցուցադրական խաղերը` «Անմար կրակ» հուշահամալիրում, որի ընթացքում երեխաներին անակնկալ հյուրընկալվել էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Գրոսմայստերները մասնակից երեխաների հետ շախմատի համաժամանակյա խաղ անցկացրին:
Պատմաազգագրական թանգարանն էլ տոնի հետ մեկտեղ նշում էր նաեւ թանգարանի հիմնադրման 55-ամյակը: Թանգարանի հարակից տարածքում էլ հին ու նոր Էջմիածինը ներկայացնող լուսանկարների ցուցահանդես էր:
Տոնի բարձրակետն էր շքերթը, որին մասնակցում էր քաղաքի ակտիվը` ուսանողություն, հոգեւոր դաս, մարզիկներ, Արցախյան պատերազմի մասնակից եւ պատանի երկրապահներ,ԱԻՆ փրկարար ծառայության Էջմիածնի ստորաբաժանման աշխատակիցներ, Էջմիածնի զինծառայողները, քաղաքի ամենօրյա մաքրության պատասխանատուները՝ քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության աշխատակիցները, կրթական եւ մշակութային հաստատությունների կոլեկտիվներն ու սաները, հասարակական կազմակերպություններ:
Երթի առջեւում Նիցցա քաղաքի նվիրած ավտոբուսներն էին, որոնք արդեն հանձնվել են շահագործման: Հաջորդաբար հրապարակ մուտք գործեցին խորհրդանշական Սահակ Պարթեւ կաթողիկոսը եւ Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց տառերով:
Հանդիսավոր շքերթը եզրափակեց 400-ից ավելի մասնակիցներով պարային ֆլեշմոբը, ապա հրապարակը վերածվեց սպորտային հարթակի:
Քաղաքի 2704-ամյակը նշանավորվեց Քուֆթայի փառատոնով:
Էջմիածնի քաղաքապետարանի եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության» համագործակցությամբ ՀՀ-ում առաջին անգամ կայացավ Քուֆթայի (կոլոլակի) փառատոն:
Մեծ հետաքրքրություն առաջացրած փառատոնն ուներ թվով 14 մասնակից` ռեստորաններ, հասարակական կազմակերպություններ, հանրային սննդի կետեր, անհատներ: Երկար եւ դժվարին ընտրություն էր սպասվում ժյուրիի անդամներին, քանի որ բոլոր մասնակիցները ջանք ու երեւակայություն չէին խնայել` լավագույնս ներկայացնելու համար սեփական ուտեստը:
Սահմանված էր երեք մրցնակ` «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում», «Լավագույն համ» անվանակարգերում, որոնցում հաղթեցին Երեւանի թիվ 6 արհեստագործական միությունը, Գայանե Եփրեմյանը եւ Երեւանի «Արիշտա» ռեստորանը: Հաղթողներից զատ շնորհակալագրերով պարգեւատրվեցին նաեւ բոլոր մասնակիցները եւ ժյուրիի անդամները:
Անդրանիկ փառատոնի հաջողությունն այն շարունակական դարձնելու վստահություն է տվել կազմակերպիչ կողմերին:
Էջմիածնի փողոցներում թեւածում էր տոնական տրամադրություն, փողոցները մարդաշատ էին եւ անսովոր ակտիվ: Դրան էին նպաստում նաեւ քաղաքի գունագեղ զարդարանքը, պուրակներում կազմակերպված համերգային ծրագրերը, «Սասնա Ծռեր» ազգագրական համույթի ելույթները: Դե, իսկ օրվա հրաշալի ավարտ էր տոնական համերգային ծրագիրը եւ հրավառությունը:

Լուսանկարներ

Տեսանյութ

Նորություններ