Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ

Other
01.09.2025

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և համայնքի բնակիչներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ։ Համախմբելով բոլորիս՝ այս օրը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կրթությունը մեր պետության հզորացման, մեր համայնքի զարգացման և մեր ժողովրդի լուսավոր ապագայի հիմքն է։ Սիրելի՛ առաջին դասարանցիներ, ձեր առաջին քայլերը դեպի գիտելիք ձեր կյանքի ամենակարևոր սկիզբն են։ Թող դպրոցը դառնա ձեր երկրորդ տունը՝ լի բարեկամությամբ, հետաքրքրությամբ ու ջերմությամբ։ Թող դասագրքերը բացեն ձեր առաջ անսահման աշխարհներ, իսկ ուսուցիչները լինեն ձեր վստահելի ուղեկիցները այդ ճանապարհին։ Սիրելի՛ ավագ դասարանների աշակերտներ, դուք արդեն գիտելիքի և փորձառության ճանապարհին ձեռք բերված ուղեբեռով եք շարունակելու առաջ շարժվել։ Ձեր առջև բացվում են նոր հորիզոններ, որոնք պահանջում են ավելի մեծ պատասխանատվություն, կարգապահություն ու նպատակասլացություն։ Հավատացեք, ձեր յուրաքանչյուր հաջողությունը նաև համայնքի հաջողությունն է, իսկ ձեր ձեռքբերումները դառնում են բոլորիս հպարտությունը։ Հարգելի՛ ուսուցիչներ, մեր երախտագիտությունը անսահման է ձեր վաստակին։ Դուք կերտում եք քաղաքացի, ձևավորում հայրենասիրական մտածողություն, սերմանում բարություն ու պատասխանատվություն։ Ձեր առաքելությունը դժվարին է, բայց անչափ պատվաբեր։ Համոզված եղեք, որ ձեր սերմանած գիտելիքի և արժեքների պտուղները կբերեն արդյունքներ՝ հզորացնելով մեր համայնքն ու մեր հայրենիքը։ Սիրելի՛ ծնողներ, դուք երեխաների առաջին ուսուցիչներն եք։ Ձեր սերն ու աջակցությունը նրանց համար վստահության աղբյուր են։ Համայնքը ձեզ հետ է այս պատասխանատու գործում, քանի որ կրթված, դաստիարակված ու հայրենասեր սերունդ ունենալը բոլորիս ընդհանուր նպատակն է։ Թող նոր ուսումնական տարին լինի խաղաղ, արդյունավետ և ստեղծագործական։ Թող այն բերի նոր հաջողություններ թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին, թող յուրաքանչյուր ընտանիքում հնչի գիտելիքի, սիրո և հարգանքի ձայնը։ Սիրելի՛ դպրոցականներ, սիրով ու հավատով քայլեք դեպի գիտելիք։ Ձեր ուսումնական ճանապարհը թող լինի բացահայտումներով լի, իսկ ձեր ձեռքբերումները դառնան մեր համայնքի հպարտության ու Հայաստանի զարգացման գրավականը։ Բարի սկիզբ և հաջողություններ բոլորին։

News