Միջոցառում՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) և Վաղարշապատի համայնքապետարանի համագործակցությամբ

Other
26.08.2025

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) և Վաղարշապատի համայնքապետարանի համագործակցությամբ կայացան մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն էր խթանել բռնի տեղահանված անձանց ու տեղական իշխանությունների միջև կառուցողական երկխոսությունը։ Ծրագրի շրջանակում անցկացվեցին երեք հիմնական միջոցառումներ։ Աշխատաժողով՝ քաղաքացիների հետ հանդիպումների և ներգրավման մարտավարության վերաբերյալ։Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց կարողությունները արդյունավետ հաղորդակցության և հանրային քննարկումների կազմակերպման գործում։ Քննարկվեցին ներգրավման գործիքակազմերը, քննադատության հետ աշխատանքի մեթոդները, խմբային աշխատանքի միջոցով վեր հանեցին այն հիմնախնդիրները, որոնց նրանք բախվում են։
Աշխատաժողով՝ քաղաքացիական իրազեկվածության թեմայով։ ՏԻՄ ներկայացուցիչները, համայնքի ավագանու անդամներն ու համայնքապետարանի աշխատակիցները ծանոթացան Հայաստանում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաև համայնքային կյանքում ներգրավվելու հնարավորություններին։ Աշխատաժողովի ընթացքում նրանք նախապատրաստվեցին նաև առաջիկա հանրային քննարկումներին՝ նպատակ ունենալով դառնալ լուծումների որոնման ակտիվ մասնակիցներ։ Համայնքային հանդիպում։ Ծրագրի եզրափակիչ փուլում կազմակերպվեց լայնամասշտաբ քննարկում, որին մասնակցեցին Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ, բռնի տեղահանված անձինք, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու պետական կառույցների ներկայացուցիչներ։ Հանդիպումը հնարավորություն տվեց բաց ու կառուցողական մթնոլորտում քննարկել առաջնահերթ կարիքները, բացահայտել ինտեգրման գործընթացում առկա խնդիրներն ու դրական փորձը և հաստատել շարունակական երկխոսության հիմքեր։ Այս միջոցառումների շնորհիվ ձևավորվեց փոխըմբռնման ու համագործակցության կարևոր հարթակ, որն ուղղված է ինչպես բռնի տեղահանված մարդկանց ինտեգրմանը, այնպես էլ համայնքային կյանքի ավելի ակտիվ ու ներառական զարգացմանը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավման համար։

Photos

News