ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Տոներ և հիշատակի օրեր
26.04.2019

104 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության արհավիրքը հայ ժողովրդի մարմնի վրա բացված այնպիսի մի վերք է, որ ժառանգել ենք մեր արյան հիշողությամբ, այսօր այն անժխտելիորեն մեր ինքնության մի մասն է: Սուրբ նահատակների հավատքի օրինակն օգնեց հային վերաարժևորելու իր ինքնությունը նոր լույսի ներքո, սովորեցնելով, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքն ազատությունն է:
Այսօր, 104-տարի անց, մենք սգում և ոգեկոչում ենք մեր սուրբ նահատակների հիշատակը՝ վառ պահելով նրանց պատգամը՝ ապրել ու արարել։
Ամեն տարի, ապրիլի 24-ին ոգեկոչման և հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանում և աշխարհի շատ երկրներում։ Էջմիածնում հիշատակման արարողությունները մեկնարկեցին ապրիլի 23-ին՝ Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցից։ Այստեղ, Մեծ եղեռնին նվիրված համերգային ծրագիրը մեկնարկեց լռության րոպեով և շարունակվեց աղոթքով։
Միջոցառման ժամանակ ներկաները մեկ անգամ ևս իրենց խոնարհումը բերեցին այն 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ովքեր զոհ դարձան թուրքական իշխանության անհանդուրժողականությանը` ազգային, կրոնական հայացքների համար:
Ոգեկոչման հաջորդ միջոցառումը կայացավ Կոմիտասի անվան մշակույթի պալատում․ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Մշակույթի պալատի բեմում ներկայացրեց «Հրեշը լուսնի վրա» դրաման։ Ներկայացումը պատմում էր Ցեղասպանությունից փրկված, որբացած Արամի ու Սեդայի կյանքի մասին ՝ ներկայացնելով 1920-ականներին այն հայերի հավաքական կերպարը, որոնք փորձում էին նոր կյանք սկսել։ Հիմքում կյանքի շարունակականության խորհուրդն էր, որ ներկայացվում է սովից չբեր դարձած հերոսուհու՝ պտղաբերության ավետիսով։
Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնություն-հրավերները տարբեր թատրոններին փորձ է պահպանել ու տարածել դասական արժեքները, միտված՝ Էջմիածնի մշակութային կյանքին զարկ տալուն։
Ներկայացումանանը հաջորդեց Էջմիածնի քաղաքապետարանի և Էջմիածնի երիտասարդական խորհրդի նախաձեռնած երթ-մոմավառությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Բազմաթիվ էջմիածնեցիներ Սբ. Հռիփսիմե վանքից երթով շարժվեցին դեպի Կոմիտասի անվան հրապարակ՝ ի նշան բողոքի Թուրքիայի ժխտողական քաղաքականության: «Ճանաչում, հատուցում» պահանջներով ավանդական ջահերով երթին էին միացել ուսանողներ, դպրոցականներ, քաղաքացիներ:
Ապրիլի 24-ի վաղ առավոտյան Էջմիածնի ակտիվը, բարձրաստիճան զինվորականները, հոգևորականներն ու քաղաքացիները՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի գլխավորությամբ ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը, այլևս սգո օր չէ, այլ խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը։ Հենց վերածնունդի և հավերժության խորհրդով էլ միասնաբար ծաղիկներ ենք խոնարհում ու աղոթք անում առ Աստված՝ ցույց տալով արար աշխարհին, որ մենք մեռնող ազգ չենք, որ մենք արարվող, ապրող ու ապրեցնող ժողովուրդ ենք։

Տեսանյութ

Նորություններ