ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 155-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ.

Մշակույթ
10.05.2019

Մայիսի ութը գրող Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Այս տարի այն առաձնակի ուշադրության կենտրոնում էր` թե´ քաղաքային իշխանությունների, թե´ գրականասեր հանրության:
Առավոտյան Կոմիտասի անվան պանթեոնում, ուր թաղված է գրողը, կատարվեց հոգեհանգստի կարգ, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները, գրողներ և Հովհաննիսյանի ձեռագրի սիրահարները ծաղիկ խոնարհեցին նրա շիրմին, տուն-թանգարանում գործող ասմունքի խմբակի սաներն էլ կատարեցին նրա գրչին պատկանող գործերը. «Նոր գարուն», «Որպես հաղթանդամ մի ծերուկ հսկա», «Տըխուր երգիչը քնարը ձեռին» և այլ սիրված գործեր հնչեցին երեխաների շուրթերից, ներկայության պարտանք ստեղծելով հավաքվածների մոտ:
Ներկա էր Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ գրողները չեն մահանում, նրանք շարունակում են ապրել հաջորդ սերունդների մեջ: «Հատկապես պետք է նշել նրա բանաստեղծական խոսքը հղկելու ջանքը, որ 19-րդ դարում արևելահայերեն բանաստեղծության հիմքերից է: Վահան Տերյանը մեր լեզուն հղկեց` նոր թեմաներ ներարկելով, նաև պիտի հիշենք` նրանից առաջ եղել են Հովհաննես Հովհաննիսյանը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Թումանյանը, ովքեր արևելահայերենը ադամանդի նման փայլեցրել են»,- հավելեց նա:
Միլիտոնյանը շնորհակալագիր հանձնեց Հովհաննիսյանի տուն-թանգարանի աշխատակազմին` Գրողների միության հետ համատեղ իրականացրած գրական հանդիպումների, քննարկումների, ժամանակակից գրողների գրքերի շնորհանդեսներ կազմակերպելու համար:
Միջոցառումը շարունակվեց գրողի` էջմիածնում գտնվող տուն-թանգարանին կից գրական սրահում, որը վերջին տարիներին յուրահատուկ Վերնատուն է դարձել գրողների, մշակույթի տարաբեր ոլորտների ներկայացուցիչների և պարզապես արվեստասեր հանրության համար: Այստեղ հաճախակի կազմակերպվում են են գրական հանդիպումներ, քննարկումներ: Սա արվեստն ու մշակույթը ապակենտրոնացնելուն և մարզերում տարածելուն միտված քայլ է, ինչի մասին վերջին շրջանում հատկապես, շատ է խոսվում: Եվ, իհարկե, պահվում են լավագույն ավանդույթները, քանի որ Էջմիածինը մշակույթի ստեղծման ու զարգացման առաջին դարբնոցներից է եղել` ճեմարան, տպարան, սեփական հրատարակչություն: Ահա այս սրահում էլ տեղի ունեցավ Հովհաննիսյանին նվիրված ֆիլմի դիտումը, որից հետո թանգարանի գիտաշխատող Քրիստինա Աբրահամյանը ներկայացրեց քիչ հայտնի փաստեր վերջինիս մասին: Շնորհավորելով Հովհ. Հովհաննիսյանի 155-ամյակը, Էջմիածնի պատվավոր քաղաքացի, նկարիչ Ներսես Մելիքյանը թանգարանին նվիրեց Արամ Զաքարյանի հեղինակած «Վահագնի ծնունդը» գրքի օրիգինալ շապիկը, որ ստեղծվել է 1967 թվականին: Իսկ միջոցառումն էլ ավելի հագեցած դարձրեցին Էջմիածնի տարբեր մշակութային հաստատությունների տաղանդաշատ երիտասարդները` իրենց երաժշտական կատարումներով:

Լուսանկարներ

Նորություններ