ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մշակույթ
19.05.2021

«Թանգարանների գիշեր» ծրագրի միջոցառումներին այս տարի ևս միացել էին Էջմիածնի բոլոր թանգարանները: Հայաստանում օրը նշվում է 17-րդ անգամ:
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում բավական հագեցած ծրագրով միջոցառումը կրում էր «Երկրի եւ երկնքի պահապանները» խորագիրը: Օրը նվիրված էր արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակին՝ ի դեմս էջմածինցի արձակագիր Վաչագան Մանուկյանի:
Միջոցառում ընթացքում ընթերցվեցին Վաչագան Մանուկյանի, Խաչիկ Մանուկյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի գրվածքները:
Գրականագետ, Վաչագան Մանուկյանին նվիրված «Ազգային հերոսը» գրքի հեղինակ Արմեն Ավանեսյանը նշում է, որ վաղվա մեր հաղթանակները պետք է կերտվեն մշակույթի միջոցով, եւ զոհված տղաներն իրենց կյանքը տվեցին մեր ինքնության ու մշակույթի պահպանման համար:
Խոսելով Վաչագան Մնուկյանին նվիրված գրքի մասին, շեշտում է, որ նրա օրինակը պետք է վարակիչ լինի երիտասարդ սերնդի համար, որպեսզի գիտակցեն մեր ինքնութան խորդուրդը:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ հայրենիքը հոգում կրելը, հայրենիքի համար պայքարելն ու ստեղծելը հավերժական արժեքներ են եւ Վաչագան Մանուկյանը ասվածի լավագույն օրինակներից է:
Տուն-թանգարանի գրական սրահում բացվեց արվեստագետ Ներսես Մելիքյանի նկարների խորհրդանշական ցուցադրությունը. շարքի 5165 նկարներից այժմ պատրաստ են 50-ը, բոլորը՝ ծառեր: Կտավներում օգտագործված են երկաթե մանր կտորներ:
Երեք մասից բաղկացած նկարների շարքը կրում է «բարձունքը մերն է, տղերքը չկան» խորագիրը: Ներսես Մելիքյանը թանգարանին նվիրեց Վաչագան Մանուկյանին նվիրված նկարը, որը ստեղծել է հաշված օրերի ընթացքում՝ կտավին հանձնելով այդ պահի զգացողությունները։
Վաչագան Մանուկյանի գրքերից միայն մեկն էր հրատարակվել մինչ այժմ, եւ շուտով լույս կտեսնի երիտասարդ տաղանդավոր արձակագրի թվով երկրորդ գիրքը:
Պահպանելով ավանդույթը, թանգարանի աշխատակիցները պատրաստել էին մաղթանքների ծառ հյուրերի համար:

Պատմաազգագրական թանգարանում հնչում էր հայկական երաժշտություն․ «Ակունքից ակունք» խորագիրը կրող համերգով հանդես եկավ «Ակունք» ազգագրական համույթը։
Թանգարանի եւ համույթի համագործակցությունը սկսվել է «Հայացք» խորագրով համերգային ծրագրով՝ ապրիլի 25-ին։ Նախքան համերգը, Առնո Բաբաջանյան համերգասրահի վերաբացված ճեմասրահում ցուցահանդեսի միջոցով ներկայացվել էին Արեւմտյան Հայաստանի տարբեր նահանգների գորգերը, կենցաղային իրերն ու զարդերը, որոնք այժմ պահվում են Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում։
Համերգին հնչեցին Արեւմտյան Հայաստանի նահանգների հայկական երաժշտությունը, երգն ու պարը։
Պատմաազգագրական թանգարանի նորություններից է խոշորամաստաբ քարտեզը, որում ներկայացված են Էջմիածնի բոլոր հուշարձանները:
Թանգարանները ողջ օրվա ընթացքում բազմամարդ էին, այցելուներից շատերը եկել էին այլ բնակավայրերից՝ առաջին անգամ ծանոթանալու քաղաքի թանգարաններին

«Թանգարանների գիշեր» ծրագրի նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հանրության կյանքում: Ծրագրին արդեն միացել է 157 երկրի շուրջ 37 000 թանգարան: Բոլոր երկրներում օրը նշվում է մայիսի 18-ին:

Լուսանկարներ

Տեսանյութ

Նորություններ