Այսօր Վաղարշապատ համայնքի համար նշանակալից օր էր․ հանդիսավորությամբ վերաբացվեց Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մսուր–մանկապարտեզի ամբողջությամբ հիմնանորոգված մասնաշենքը։
Այստեղ իրենց ուրախ մանկությունը կանցկացնեն շուրջ 145 փոքրիկ վաղարշապատցիներ՝ ապահով, ջերմ ու ժամանակակից միջավայրում։
«Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգումը իրականացվել է սուբվենցիոն ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 734 մլն դրամ՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Այս նախագծով ստեղծվել են նոր, հարմարավետ պայմաններ թե՛ երեխաների, թե՛ մանկավարժական անձնակազմի համար։
Սա մեր համայնքի այն նախաձեռնություններից է, որոնք ուղղված են կրթական միջավայրի բարելավմանը և ապագա սերնդի հանդեպ հոգածությանը։
Վաղարշապատ համայնքը շարունակում է հետևողականորեն ներդրումներ կատարել նախադպրոցական կրթության զարգացման և մեր փոքրիկների երջանիկ մանկության ապահովման ուղղությամբ։
Մյուս երկու մասնաշենքերի կառուցումն արդեն ընթացքի մեջ է։