Այսօր Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ SPFA Էջմիածնի ֆրանսախոս ակումբի ներկայացուցիչների հետ։
1991 թվականից ի վեր SPFA ասոցիացիան իրականացրել է մարդասիրական և կրթական ծրագրեր Հայաստանում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ֆրանկոֆոնիայի խթանմանը։
Էջմիածնի ֆրանսախոս ակումբը գործում է 2006 թվականից՝ Վաղարշապատի, քույր քաղաք Իսի-լե-Մուլինոյի և SPFA-ի եռակողմ համագործակցության արդյունքում։ Այն նպաստում է ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի տարածմանը։
Ակումբում անցկացվող ֆրանսերենի դասընթացները մատչելի են բոլոր ցանկացողների համար և կազմակերպվում են անվճար՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ֆրանկոֆիլի զարգացնել լեզվական հմտությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ նախաձեռնությունների և համագործակցության նոր ուղղություններ, որոնք կնպաստեն մշակութային ու կրթական կապերի ամրապնդմանը։