Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
21.09.2025

Սիրելի հայրենակիցներ,
Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի պատմության ամենանշանակալի էջերից մեկն է։ Այս օրը մենք ամրագրեցինք մեր դարավոր երազանքը՝ ունենալ անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն։ Անկախության հռչակումը դարձավ ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր վերածննդի խորհրդանիշ, քանի որ այն վկայեց մեր ազգի ազատության և ինքնորոշման անսասան կամքի մասին։
Անկախության օրը մեզ հիշեցնում է այն սերունդներին, ովքեր դարեր շարունակ պայքարել են մեր պետականության վերականգնման համար։ Մենք խոնարհվում ենք մեր հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքի ազատությունն ու խաղաղությունը։ Նրանց սխրանքները մեզ պարտավորեցնում են արժանավայել շարունակել կերտել մեր հայրենիքի վաղվա օրը։
Անկախությունը մեզ համար սոսկ արժեք չէ, այն մեր ամենօրյա գործն ու պատասխանատվությունն է։ Մեր պետության ամրապնդումն ու զարգացումը կախված է յուրաքանչյուրիցս՝ մեր գիտելիքից, նվիրումից ու աշխատասիրությունից։ Միայն համախմբված, միասնական ու հավատով առաջնորդված հասարակությունը կարող է հաղթահարել բոլոր փորձությունները և հասնել նոր հաջողությունների։
Թող այս տոնը լինի նոր խիզախությունների, ծրագրերի և նվիրումի մեկնարկ։ Մաղթում եմ, որ մեր անկախ Հայաստանը ապրի խաղաղության, համերաշխության ու առաջընթացի մեջ։ Թող յուրաքանչյուրիդ ընտանիքում տիրի սեր, բարօրություն ու հավատ վաղվա օրվա հանդեպ։
Փա՛ռք մեր անկախ Հայաստանին և մեր ժողովրդին։
Հարգանքով՝
Արգիշտի Մեխակյան
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Նորություններ