ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ

Արտաքին կապեր
15.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր քննարկվել են Էջմիածին եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գուանդուն նահանգի Ֆոշան քաղաքների միջեւ հնարավոր գործակցության հարցեր:
Մասնավորապես, Գուանդուն նահանգի պատվիրակությունը` նահանգի ժողովրդական կառավարության արտաքին գործերի գրասենյակի հյուպատոսական բաժնի տնօրեն Հուանգ Գուոպինգի գլխավորությամբ հանդիպում է ունեցել ՀՀ Արավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի եւ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հետ:
Հանդիպման ընթացքում մարզպետը եւ քաղաքապետը հյուրերին ներկայացրել են Արմավիրի մարզն ու Էջմիածին համայնքը:
Հուանգ Գուոպինգը ներկայացրել է Գուանդուն նահանգը եւ տարբեր ոլորտներում գրանցված հիմնական ցուցանիշները` պատրաստակամություն հայտնելով համագործակցություն սկսել տարբեր ուղղություններով: Կարեւորելով եկկողմ կապերի սերտացումը եւ առարկայական համագործակցությունը` պատվիրակության ղեկավարը մարզպետին եւ քաղաքապետին փոխադարձ այցով հրավիրել է Գուանդուն նահանգ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Մարզպետարանում կայացած այցն ամփոփվել է Էջմիածնում՝ ճանաչողական այցով: Քաղաքապետ Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են Էջմիածնի Պատմաազգագրական թանգարան, շրջել քաղաքում եւ Մայր Աթոռի վարչական տարածքում:

Լուսանկարներ

Նորություններ