ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԱԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ

Այլ
18.12.2019

Դեկտեմբերի 17-ին կայացել է Էջմիածին քաղաքի ավագանու 2019 թվականի վերջին` թիվ 15 հերթական նիստը, որին ներկա է գտնվել նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:
Մինչ նիստի օրակարգին անցնելը, քաղաքապետ Դիանա Գասպարյանը հանդես է եկել 2019 թվականին կատարված աշխատանքների հակիրճ հաշվետվությամբ` ներկայացնելով մինչ այսօր կատարված աշխատանքների ամփոփը եւ տարբեր ոլորտներում գրանցած ձեռքբերումները:
Քաղաքապետը նաեւ ողջունել է տեղեկան ինքնակառավարման մարմնի անդամների հետ նման ձեւաչափով հանդիպումներ իրականացնելու մարզպետի նախաձեռնությունը:
Ներկայացնելով բյուջեի կատարողականը, քաղաքապետը զեկուցել է, որ 2019 թ. բյուջետային տարվա 9 ամիսների ընթացքում Էջմիածին քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 107,4 տոկոսով: Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանը, ապա այս մասով պլանային առաջադրանքը եւս կատարվել է 108,2 տոկոսով:
Հակիրճ զեկույցում քաղաքապետը ոլորտ առ ոլորտ նշեց, թե մինչ օրս ինչ նպատակներով են ծախսվել հավաքագրված միջոցները:
Աչքի առաջ ունենալով նաեւ բյուջեի կատարողականի վերաբերյալ վերջին երեք ամիսների փաստական տվյալները, քաղաքապետը հավաստիացրեց, որ տարին եւս ամփոփելու ենք բյուջեի գերակատարումով:
Այս մասին ամբողջական զեկույցը կտեղադրվի նաեւ քաղաքապետարանի պաշտոնական կայքում մինչեւ 2020 թվականի մարտի 1-ը` համաձայն օրենքի:
Այնուհետեւ, Համբարձում Մաթեւոսյանը ներկայացրել է Արմավիրի մարզի զարգացման իր տեսլականը, ամփոփ տեղեկություն հաղորդելով նաեւ 2019 թվականի ընթացքում Արմավիրի մարզում կատարված աշխատանքների եւ գրանցած առաջընթացի մասին:
Կարեւորելով Էջմիածին համայնքի դերը Մարզի կյանքում, մարզպետն առանձնացրեց մեր քաղաքի ծանրակշիռ դերը մարզի մշակութային կյանքում` Էջմիածինը որակելով մարզում տուրիզմի զարգացման գլխավոր շարժիչ ուժ:
Այնուհետ, քաղաքապետն անցավ օրակարգով սահմանված հարցերին:
Հիշեցնենք, որ Էջմիածին համայնքի ավագանու նիստերը նաեւ հեռարձակվում են առցանց եւ տեղադրվում են համայնքի պաշտոնական կայքէջում:

Լուսանկարներ

Նորություններ