Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հյուրընկալեց Նիդերլանդների Թագավորության քույր քաղաք Ալմելոյի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիչարդ Քոթլանդի, փոխքաղաքապետ Հաթիջե Քյուչուքբալիի, քաղաքապետի խորհրդական Միքլ Հայթիի, արտաքին կապերի պատասխանատու Էլսե թեն Հովիի, ինչպես նաև Ալմելո-Էջմիածին քաղաքների համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչներ Վաութեր Թիուի և Սառա Շահինյանի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության խորացման, համայնքային զարգացման նախագծերի իրականացման, ինչպես նաև կրթական, մշակութային ու երիտասարդական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։ Կողմերը կարևորեցին Էջմիածին–Ալմելո գործընկերության շարունակականությունը՝ ընդգծելով, որ քաղաքների միջև ձևավորված ջերմ ու արդյունավետ կապերը կնպաստեն նոր նախաձեռնությունների ծննդին ու փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Պատվիրակությունն առաջին անգամ էր այցելում Էջմիածին, ինչը կարևոր առիթ էր ավելի խորը ճանաչելու մեր համայնքը, նրա մշակույթը, զարգացման ընթացքն ու մարդկանց։ Հանդիպման ընթացքում նրանք բարձր գնահատեցին Վաղարշապատի աշխատանքներն ու նախաձեռնությունները և ուղարկեցին ջերմ հրավեր՝ այցելելու Ալմելո՝ համագործակցությունը շարունակելու և նոր ծրագրեր ձևավորելու նպատակով։