ԳՐՔԻ ՏՈՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Տոներ և հիշատակի օրեր
21.02.2020

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ոչ միայն մեծ ընթերցասեր էր եւ սիրում էր գրքեր գնել, նաեւ շատ հաճախ գրքեր էր նվիրում։ Ուստի պատահական չէ, որ հենց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է Հայաստանում նշանավորված որպես գիրք նվիրելու օր։
Գրքի տոնն էջմիածնում ե՛ւ գրքառատ էր, ե՛ւ միջոցառումներով լեցուն։ Կենտրոնական գրադարանի հարակից տարածքում հաճելի իրարանցում էր. մարդիկ գրքեր էին նվիրում գրադարանին, լուսանկարվում թեմատիկ տաղավարում։
Տարածքի տրամադրությունն ամբողջացնում էր նկարների ճեմուղին. Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի աշակերտների աշխատանքները գրքերի կազմերի նկարազարդումներ էին։ Ներկայացված 41 աշխատանքում գերակշռում էր թումանյանական թեման։
Քաղաքապետ Դիանա Գասպարյանը, օրվա խորհրդով, նոր հրատարակված գրքեր նվիրեց գրադարանին՝ խոստանալով պարբերաբար համալրել գրադարանի գրքային ֆոնդը։
Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձավ գրքի կաեւորությանը, դրա՝ անփոխարինելու լինելու փաստին՝ նշելով, որ գիրքը մշտապես կենդանի է, մարդու կենդանի ուղեկիցն է։
«Կարդացեք եւ դրանով իսկ միս ու արյուն տվեք գրքերում գրված բառերին», ժամանակին իրեն տրված այս խորհրդով ներկաների հետ կիսվեց ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը։

Տեսանյութ

Նորություններ