Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, ռուսաստանաբնակ բարերար Գոռ Սահակյանի և ոլորտային պատասխանատուների հետ միասին այցելեց Զվարթնոց թաղամասի Մանուշյան հասցեում կառուցվող «Աիդա» մանկապարտեզի շինհրապարակ։ Այցի նպատակն էր տեղում հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, գնահատել կատարվածի որակը և համոզվել, որ մանկապարտեզը շուտով պատրաստ կլինի իր առաջին փոքրիկներին ընդունելու համար։ Շինարարները ներկայացրին կատարված և սպասվող աշխատանքների մանրամասները՝ նշելով, որ աշխատանքներն ընթանում են ըստ նախանշված գրաֆիկի և բարձր որակով։ «Աիդա» մանկապարտեզը կունենա ժամանակակից, երեխաների հարմարավետությանն ու անվտանգությանը համապատասխանող պայմաններ, խաղասրահներ, ուսումնասենյակներ և կանաչապատ բակ։ Հատուկ կարևոր է նշել, որ նախաձեռնությունը ամբողջությամբ կյանքի է կոչվում Գոռ Սահակյանի անձնական ջանքերի և հոգածության շնորհիվ։ Նրա աջակցությունը վառ օրինակ է, թե ինչպես կարելի է հայրենիքին օգտակար լինել անգամ հեռվից՝ ներդնելով համայնքի զարգացման և երեխաների լուսավոր ապագայի կերտման գործում։ Վաղարշապատի համայնքապետարանը բարձր է գնահատում բոլոր այն մարդկանց ու բարերարներին, ովքեր ներդրում են կատարում մեր համայնքի և ապագա սերնդի բարեկեցության համար։