Այս օրերին մեր համայնքը դարձել էր գաղափարների, ստեղծագործության և երիտասարդական ձայնի հարթակ։ Շարունակելով Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումները Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում հավաքվել էին երիտասարդներ, համայնքի ներկայացուցիչներ ու հյուրեր մեկ նպատակով՝ խոսել երիտասարդների մասին, նրանց համար և նրանց հետ։ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ talk-ը դարձավ հարթակ, որտեղ հնչեցին կարևոր գաղափարներ ու փորձառություններ․
Աննա Եղոյան – «Երիտասարդների հզորացում»․ խոսք, որը հիշեցրեց, որ երիտասարդը ոչ միայն ապագա է, այլև ներկա՝ ձևավորող ու կառուցող ուժ։
Արթուր Թիմարի – «Ի՞նչ բովանդակություն են սպառում երիտասարդները թվային հարթակում»․ դիտարկում, որը բացեց թվային աշխարհի իրական դեմքը և դրա ազդեցությունը երիտասարդների մտածողության վրա։
Կարինե Արսենյան – «Երիտասարդների ձայնը»․ պատմություն այն մասին, որ մեր ձայնը ուժ ունի միայն այն ժամանակ, երբ մենք այն բարձր ենք հնչեցնում։
Տիգրան Մանուկյան – «Երիտասարդները երիտասարդների համար»․ օրինակ, թե ինչպես կարող են երիտասարդները միմյանց ոգեշնչել ու աջակցել։
Բանախոսությունից հետո «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սաները ցուցադրեցին ֆորում թատրոն՝ «Փոփոխության ձայներ․ երիտասարդների ձայնը բեմից» խորագրով։ Օրն ամփոփվեց ուրախ և խենթ մթնոլորտում։ DJ-ի երաժշտությունը լցրեց մթնոլորտը էներգիայով, իսկ երիտասարդները դարձան մի մեծ պարող ու ժպտացող ընտանիք։ Այս օրը ցույց տվեց, որ Վաղարշապատի երիտասարդները ունեն ձայն, ունեն ուժ ու պատրաստ են փոխել իրենց համայնքը։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, հյուրերին ու կազմակերպիչներին, որ միասին ստեղծեցինք հիշվող և ոգեշնչող օր։