Օգոստոսի 15-ին Հունգարիայի Սեյկեշֆեհեյրվարի քաղաքապետ Անդրաշ Ցեր-Պալկովիչը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը ստորագրեցին քույր քաղաքների հուշագիր։ Այս համագործակցությունը նոր հորիզոններ է բացում երկու քաղաքների միջև բարեկամական ու համագործակցային կապերի ամրապնդման համար՝ ստեղծելով փոխադարձ փորձի փոխանակման, մշակութային ու կրթական, սպորտային ծրագրերի իրականացման, ինչպես նաև տնտեսական ու համայնքային զարգացման նոր հնարավորություններ։ Հուշագրի ստորագրման շրջանակում Արգիշտի Մեխակյանը շրջեց Սեյկեշֆեհեյրվար համայնքապետարանում, ծանոթացավ կառույցի պատմությանը, մշակված ծրագրերին և համայնքային կառավարման առանձնահատկություններին։ Այցը ոչ միայն պաշտոնական բնույթ էր կրում, այլև նոր գաղափարների ու համագործակցության հնարավորությունների ձևավորման կարևոր նախադրյալ դարձավ։ Հուշագրի ստորագրումից հետո եկեղեցում իրականացվեց տոնական պատարագ, որը նվիրված էր այս նշանակալի իրադարձությանը։ Պատարագի ընթացքում եպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց և օրհնեց ներկաներին, իսկ իր ողջույնի խոսքում առանձնահատուկ կարևորեց հուշագրի ստորագրումը։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հրավիրեց Սեյկեշֆեհեյրվարի պատվիրակությանը այցելելու Վաղարշապատ։ Սեյկեշֆեհեյրվարի և Էջմիածնի միջև ստորագրված քույր քաղաքների հուշագիրը հանդիսանում է վստահ քայլ դեպի համատեղ ապագա։ Այն ոչ միայն կապում է երկու քաղաքներ, այլև կամուրջ է կառուցում երկու ժողովուրդների միջև՝ ամրապնդելով բարեկամությունը, հարստացնելով մշակութային կյանքը և ստեղծելով փոխադարձ զարգացման նոր հեռանկարներ Հայաստանի և Հունգարիայի հանրապետությունների միջև։