Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Հունգարիայում իր աշխատանքային այցի վերջին օրը այցելել է Enying Kaboka Lovastanya ճամբար։ Այցին նրան ուղեկցում էին Բուդապեշտի հայ ինքնավարության նախագահ Արմեն Մանուկյանը, Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանը և Սեյկեշֆեհեյրվարի հայ ինքնավարության պատվո հյուպատոս Գեյզա Աբգարովիչը։ Ճամբարում հավաքվել էին Հունգարիայի տարբեր համայնքներից ժամանած շուրջ 55 հայ երեխաներ՝ 7-ից 17 տարեկան։ Մանկավարժների և կազմակերպիչների ջանքերով երեխաների համար անցկացվում են ազգային մշակութային ծրագրեր, որտեղ նրանք հնարավորություն ունեն ավելի խորապես ճանաչելու հայկական պատմությունն ու մշակույթը, սովորելու ազգային երգ ու պար, ծանոթանալու հայ գրականությանը և ամրապնդելու մայրենի լեզվի իմացությունը։ Արգիշտի Մեխակյանը շրջեց ճամբարի տարածքով, ծանոթացավ կազմակերպված ծրագրերին, զրուցեց երեխաների և պատասխանատուների հետ։ Նա բարձր գնահատեց նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ նման ծրագրերը ոչ միայն նպաստում են սփյուռքահայ երիտասարդների համախմբմանը, այլև կարևոր կամուրջ են հանդիսանում հայրենիքի և սփյուռքի միջև։ Այսպիսի նախաձեռնությունները շարունակելու և զարգացնելու միջոցով ամրապնդվում են հայրենիք-սփյուռք կապերը, ստեղծվում են նոր հնարավորություններ երիտասարդների կրթության, ինքնության պահպանման ու ապագա սերունդների համար ամուր ազգային հիմքեր ձևավորելու ճանապարհին։