Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը ոլորտային պատասխանատուների հետ միասին այցելեց Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ։ Այցի նպատակն էր ծանոթանալ դպրոցի առօրյային, ուսումնամարզական գործընթացին, ինչպես նաև քննարկել կրթահամալիրում առկա պայմանները և զարգացման հնարավոր ուղղությունները։ Մարզադպրոցի պատասխանատուները ներկայացրել են հաստատության գործունեությունը, սովորողների թվաքանակը, մարզաձևերը և դպրոցում առկա հիմնական խնդիրները։ Արգիշտի Մեխակյանը կարևորել է համայնքում մանկապատանեկան սպորտի դերը՝ նշելով, որ առողջ և ակտիվ սերունդը համայնքի զարգացման հիմնասյուներից մեկն է։ Քննարկվել են նաև ենթակառուցվածքային և կազմակերպչական խնդիրների լուծման ուղիները, ինչպես նաև հնարավոր ծրագրերը, որոնք կնպաստեն Վաղարշապատի մարզական կյանքի աշխուժացմանը և երեխաների ներուժի առավելագույն իրացմանը։ Համայնքապետարանը շարունակելու է հետևողական աջակցություն ցուցաբերել մարզադպրոցին՝ ապահովելու համար պատանի մարզիկների լիարժեք և արդյունավետ մարզվելու պայմանները՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից և մրցունակ մարզական միջավայր։