Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց է կատարել Էջմիածին բնակավայրում։ Շրջայցի ընթացքում այցելություն է կատարվել Մ. Խորենացի փողոց, որտեղ այս օրերին ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Համայնքի ղեկավարին ներկայացվել է իրականացվող աշխատանքների ընթացքը, արծարծվել են ընթացիկ խնդիրներն ու առաջիկա քայլերը։ Տեղում անցկացվել է քննարկում՝ ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ՝ ապահովելու աշխատանքների արդյունավետ և համակարգված իրականացումը։ Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ՝ 70%/30% հարաբերակցությամբ, որի ընդհանուր արժեքը կազմում է 636,450,000 ՀՀ դրամ։ Նշենք, որ աշխատանքների մեկնարկին արդեն իսկ լուծվել է տարածքի կոյուղու խնդիրը, իրականացվել են ներտնային միացումներ։ Շրջայցից հետո Արգիշտի Մեխակյանը շարունակել է քաղաքով շրջել, հետևել համայնքում ընթացող այլ աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ և արձանագրել առկա խնդիրները։ Վաղարշապատ համայնքը շարունակում է հետևողականորեն իրականացնել ենթակառուցվածքային բարելավումներ՝ ուղղված մեր քաղաքացիների հարմարավետ ու անվտանգ առօրյային։