Վաղարշապատ համայնքում շարունակվում են բնակիչների հետ բաց և անմիջական շփման ձևաչափերը։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հերթական անգամ անցկացրեց քաղաքացիների ընդունելություն՝ լսելու և տեղում քննարկելու նրանց հուզող խնդիրներն ու առաջարկները։ Ընդունելության ընթացքում բարձրացվեցին մի շարք կարևոր հարցեր՝ կապված կոմունալ խնդիրների, քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և բնակիչներին հուզող այլ հարցերի հետ։ Արգիշտի Մեխակյանը յուրաքանչյուր դիմումին ցուցաբերեց անհատական մոտեցում՝ տալով համապատասխան հանձնարարականներ համայնքային համապատասխան ստորաբաժանումներին։ Նման ձևաչափով հանդիպումները վկայում են համայնքային իշխանությունների պատրաստակամության մասին՝ զարգացնել բնակիչների հետ համագործակցության արդյունավետ մեխանիզմներ և համատեղ լուծումներ գտնել առկա խնդիրներին։ Հիշեցնենք, որ քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է պարբերաբար՝ յուրաքանչյուր հինգշաբթի, նպատակ ունենալով ապահովել բնակիչների անմիջական ներգրավվածությունը համայնքային կառավարման գործընթացում։