Վաղարշապատի համայնքապետարանի հարակից պուրակը լցված էր տոնական տրամադրությամբ, հպարտությամբ ու հայրենասիրական ոգով։
Մեծ ուրախությամբ ու ջերմությամբ դիմավորեցինք մեր հայրենակիցներին՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի չեմպիոն Ջանես Նազարյանին և բռնցքամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գագիկ Հարությունյանին։ Ջանես Նազարյանը, հանդես գալով 65 կգ քաշային կարգում, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակ տարավ վրացի ըմբիշի նկատմամբ՝ հռչակվելով Աշխարհի չեմպիոն։ Գագիկ Հարությունյանը, մասնակցելով Սերբիայում կայացած պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը՝ 63 կգ քաշային կարգում, փայլուն ելույթով նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի բարձր տիտղոսը՝ գրավելով պատվավոր երկրորդ հորիզոնականը։ Միջոցառումը դարձավ մարզիկների նվիրումի ու հաջողությունների արժևորումն ու մեր միասնական հպարտության արտահայտումը։ Շնորհակալություն բոլորին, ովքեր ներկա էին և իրենց ջերմությամբ կանգնեցին մեր չեմպիոնների կողքին։ Այս հաջողությունները ոչ միայն անձնական ձեռքբերումներ են, այլև ողջ ազգի հաղթանակ՝ ի ցույց դնելով հայ երիտասարդի կամքը, պայքարի ոգին ու մեծ ներուժը։ Շարունակենք գնահատել, աջակցել և քաջալերել մեր տաղանդավոր մարզիկներին՝ միասին կերտելով հաղթանակներով լեցուն ապագա։