Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության հիմնարար տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։ 30 տարի առաջ հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց նորանկախ Հայաստանի Մայր օրենքը։
Սա այն օրն է, երբ առանձնահատուկ կերպով ենք արժեւորում մեր պետականության հիմքը՝ Մայր Օրենքը, որն ամրագրում է Հայաստանի Հանրապետության ինքնությունը որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն։
Սահմանադրությունը չի հանդիսանում պարզապես իրավական փաստաթուղթ։ Այն մեր հավաքական կամքի, պատմական փորձառության ու արժեհամակարգի արտահայտումն է։ Մայր օրենքն է սահմանում մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, երաշխավորում գաղափարախոսական բազմակարծությունները որպես պետության հիմնական արժեքներ։
Սակայն այդ արժեքները կարող են դառնալ իրականություն միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուրս լինի այդ արժեքների գիտակից կրողը։ Մայր Օրենքի հանդեպ հարգանքը, մեր արժանապատվության, հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաեւ պարտականությունների գիտակցումն ու կատարումը ձեւավորում են կայուն, իրավական ու արդար հասարակություն։
Սահմանադրական կարգին նվիրված այս օրը խորհրդանշում է մեր ազգային հասունությունը, պատասխանատվությունը եւ իրավական մշակույթը։ Այն պատկանում է ոչ միայն պետությանը, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու՝ որպես ժողովրդի գերակա իշխանության երաշխիք:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս պետական այս մեծարժեք տոնի առթիվ, մաղթում եմ, որ Սահմանադրությունն ամեն օր իրացվի անշեղորեն՝ որպես գիտակից ու կայացած հասարակության նշան, քաղաքակիրթ ու բարեկեցիկ ապրելակերպի հիմնաքար: