Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի պատվիրակությունը՝ փոխնախագահ Վենսան Գոյեյի գլխավորությամբ:
Այսօր՝ հունիսի 4-ին, պատվիրակությունը՝ ուղեկցությամբ «Բարձունք 5165» Ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի ղեկավար Լուսինե Մելիքյանի, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանի, Վաղարշապատ համայքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ։
Ողջունելով հյուրերին՝ պարոն Նիկողոսյանը եւ պարոն Պետրոսյանը արժեւորել են երկու երկրների բարեկամական ամուր կապերը, քույր քաղաքաների միջեւ շարունակաբար խորացող եւ ամրապնդվող հարաբերությունները, երախտագիտությամբ փաստել, որ Ֆրանսիան մշտապես եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կողքին:
«Մեզ համար ողջունելի է, որ Ֆրանսիայի հետ մեր գործընկերային հարաբերությունները չեն սահմանափակվում միայն քույր քաղաքների հետ համագործակցությամբ, այլ նաեւ ջերմ կապեր ենք ստեղծում այլ քաղաքների հետ եւս, փնտրում ենք գործընկերության նոր շրջանակներ։ Բարձրաստիճան մակարդակով շարունակվում են վստահ քայլերը՝ հայ-ֆրանսիական ապակենտրոն համագործագործակցության ուղղությամբ, եւ այս հանգամանքը մեր երկրները տանում է գործընկերության եւ եղբայրության նոր ճանապարհով»,- նշել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար պարոն Արսեն Պետրոսյանը։
Հանդիպման ավարտին կողմերը լուսանկարվեցին Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի կողմից մեր համայքին նվիրած «Խաղաղության ծառ» հուշարձանի մոտ: Հյուրերն այցել են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Պատմազգագրական թանգարան։
Օրակարգի մեկնարկին պատվիրակությունը, «Բարձունք 5165» Ֆրանսահայ բարեգործական ՀԿ բժիշկ ստոմտոլոգները եւ ղեկավար կազմը թիվ 5 «Գարուն» մանկապարտեզում էին:
Բժիշկը երեխաներին ծանոթացրեց բերանի խոռոչի հիգիենայի կանոններին, խոսեց ատամների ու լնդերի հիվանդությունների եւ առողջ սնունդի կարեւորության մասին: