Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը եւ համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետ Կարինե Եսայանը պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել են Էջմիածնի քույր քաղաք Դաուգավպիլսի հիմնադրման 750-ամյակին նվիրված միջոցառումներին։
Լատվիայի Հանրապետության Դաուգավպիլս քաղաքը Էջմիածնի քույր քաղաքն է, եւ այս տոնական օրերն առիթ էին մեկ անգամ եւս ամրապնդելու մեր համայնքների միջեւ եղբայրական կապերը, բացահայտելու համագործակցության նոր հեռանկարներ եւ վերարժեւորելու մշակութային փոխգործակցության կարեւորությունը։
Միջոցառումների շրջանակներում տեղի են ունեցել մի շարք բազմակողմ հանդիպումներ եւ երկկողմ առանձնազրույցներ, որոնց ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են Էջմիածնի պատմամշակութային հարուստ ժառանգությունը, զարգացման առաջնահերթություններն ու ապագա ծրագրերը։ Զեկույցները մեծ հետաքրքրություն են առաջացրել ներկա համայնքների ներկայացուցիչների շրջանում՝ ընդգծելով Էջմիածնի դերը հնարավոր բազմաճյուղ համագործակցությունների համատեքստում։
Նմանատիպ միջոցառումները ոչ միայն նպաստում են միջազգային կապերի ամրապնդմանը, այլ նաեւ ստեղծում են նոր հնարավորություններ՝ զբոսաշրջային, կրթական, մշակութային, տնտեսական եւ վարչարարական ոլորտներում փորձի փոխանակման համար։