Քաղաքացու օրվա շրջանակում մեր համայնքը հյուրընկալեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պարոն Արման Խոջոյանին, ով հանդիպում ունեցավ համայնքի ակտիվ, մտածող ու նախաձեռնող երիտասարդների հետ։
Հանդիպումը բացառիկ հնարավորություն էր՝ միասին խոսելու երիտասարդների՝ որպես երկրի շարժիչ ուժի դերի մասին։
Քննարկվեցին պետական կառավարման ոլորտում մասնակցության ուղիները, հանրային կյանքի նկատմամբ երիտասարդների վերաբերմունքը, ինչպես նաեւ նրանք հուզող մի շարք հարցեր՝ կրթությունից եւ անձնական նպատակներից մինչեւ սոցիալական պատասխանատվություն եւ գյուղատնտեսության զարգացման հեռանկարներ։
Պարոն Խոջոյանը, անդրադառնալով գյուղատնտեսության թեմային, կարեւորեց ոլորտում նորարարական մոտեցումների ներգրավման եւ երիտասարդների մասնակցության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ գյուղատնտեսությունը կարող է լինել ոչ միայն ավանդական, այլ նաեւ ժամանակակից ու տեխնոլոգիական բիզնեսի հիմք։
Հանդիպմանը ներկա էր նաեւ համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը, ով մասնակիցների հետ միասին քննարկեց հասարակություն-պետություն համագործակցության, բնակիչների ընկալումների, պետական եւ հասարակական կյանքի ներգրավման, ներկայի եւ ապագայի տեսլականներին վերաբերող հարցեր։
Հանդիպումն ամփոփվեց համայնքապետարանի ենթակայության գեղարվեստի դպրոցի սաների գեղեցիկ ցուցահանդեսով։