Հունգարիայի Սեկեշֆեհերվար քաղաքի գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել գործընկերային հարաբերություններ հաստատել Էջմիածնի հետ: Քաղաքապետարանի առաջին հարկում բացվել է Հայաստանին նվիրված հատուկ ցուցահանդես:
Հունգարիայի Սեկեշֆեհերվար քաղաքի գլխավոր ասամբլեան անցած ուրբաթ կայացած նիստում որոշում է ընդունել պաշտոնապես հաստատել գործընկերային հարաբերություններ Էջմիածին քաղաքի հետ։
Այս կարևոր քայլը խորհրդանշում է երկու քաղաքների միջև բարեկամական և համագործակցային նոր փուլերի մեկնարկը։
Գործընկերության հաստատումն ուղեկցվել է Սեկեշֆեհերվարի քաղաքապետարանի նախասրահում կազմակերպված հատուկ ցուցահանդեսով, որը նվիրված է Հայաստանին և դրա բազմաշերտ մշակույթին։
Ցուցադրության ընթացքում ներկայացվել են Հայաստանի պատմական մայրաքաղաքները, մշակութային ժառանգության կոթողները, Էջմիածնի պատմությունը, ինչպես նաև հայկական ավանդական տարազները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանում։
Էջմիածնի համար արտաքին կապերի և միջազգային համագործակցությունների զարգացումը մշտապես եղել է քաղաքային քաղաքականության ռազմավարական ուղղություններից մեկը։
Նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են քաղաքների միջև փորձի փոխանակմանը և մշակութային երկխոսության խորացմանը, այլև հնարավորություն են ստեղծում համատեղ ծրագրերի և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար։
Սեկեշֆեհերվար–Էջմիածին գործընկերությունը կոչված է ամրապնդելու երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու բարեկամությունը՝ հարթակ ստեղծելով համատեղ մշակութային, կրթական և համայնքային նախաձեռնությունների իրականացման համար։