Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
08.03.2025

Թանկագի՛ն կանայք եւ աղջիկներ,
Շնորհավորում եմ այս լուսավոր տոնի առթիվ:
Բնությամբ նուրբ ու գեղեցկատես կանայք, միեւնույն ժամանակ, իրենց ընտանիքների հենասյունն են, տան ջերմությունն ու ապահովությունը պահպանողը, ապագա սերունդների կրթողն ու դաստիարակողը:
Ցանկանում եմ առանձնակի երախտիքով շնորհավորել այն մայրերին, որոնց որդիներն այժմ գտնվում են զինվորական ծառայության մեջ, այն կանանց, ովքեր կանգնած են մեր երկրի պաշտպանության գործի կենտրոնում։
Խոնարհումս որդեկորույս մայրերին. ձեր ամրությունն ու ուժն այն գործոններից են, որ մեզ մղում են անմնացորդ սիրով ու նվիրումով ծառայել հայրենիքին ու համայնքին:
Այս տոնը կապվում է ջերմ եւ լուսավոր զգացողությունների հետ, սակայն այսօր կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Կանանց իրավունքների ամրապնդման, հասարակության մեջ կնոջ դերի ընկալման առումով մենք դեռ շատ անելիք ունենք:
Մենք կարող ենք հպարտորեն փաստել, որ պատմության ընթացքում բազմաթիվ են եղել իրենց ժամանկաշրջանում հեղափոխական գաղափարներ կրող հայ կանայք, որոնք եղել են պատգամավորներ, գրողներ, հրապարակախոսներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Այսօր մենք նրանց ժառանգորդներն ենք, մեր ժամանակներում փոփոխություններ բերող հզոր ուժը:
Որպես Անկախ Հայաստանի պատմության առաջին կին քաղաքապետ (այնուհետ՝ համայնքի ղեկավար) սատարումս եմ հայտնում բոլոր կանանց եւ աղջիկներին, ովքեր խիզախորեն շարժվում են իրենց նպատակներին ընդառաջ, զարգանում են եւ օգնում են համայնքին ու երկրին զարգանալ:
Սիրելի մայրեր, քույրեր եւ դուստրեր, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում անսահման սեր, հմայք եւ ուժ:

Նորություններ