Վաղարշապատի համայնքապետարանի եւ «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպության միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր

Արտաքին կապեր
21.02.2025

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը եւ «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Զուրնաչյանը կնքեցին հուշագիր, որի նպատակն է 18-65 տարեկան մտավոր զարգացման խանգարումներ ունեցող անձանց համար առավել ներառական, մատչելի եւ բարենպաստ պայմանների ստեղծումը Վաղարշապատ համայնքում, մշակութային, կրթական, առողջապահական եւ սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովումը, իրավունքների պաշտպանությունը, համատեղ ծրագրերի ու միջոցառումների իրականացումը:
Հուշագրի կնքման արարողությանը հաջորդել է «Քաջ Նազար» ներկայացումը, որում ներգրավված են կենտրոնի անդամները։ Սա հնարավորություն էր վերհանելու կենտրոնի անդամների ստեղծագործական եւ արտահայտման ունակությունները։ Բեմադրության ռեժիսորը Գրիշա Մնոյանն է:
Համայնքի ղեկավարը շրջայց է կատարել նաեւ տաղավարներում, որտեղ ներկայացված էին կենտրոնում իրականացվող աշխատանքների բազմազանությունը և անդամների կարողությունները։
Համագործակցության համար ՀԿ-ի կողմից շնորհակալագիր տրվեց Կոմիտասի անվան մշակույթի պալատին:
Համայնքապետարանի եւ կազմակերպության գործընկերային եւ կառուցողական կապերը սկզբնավորվել են կենտրոնի հիմնադրման օրվանից: Այսօր ստեղծում ենք նոր հեռանկարների եւ համատեղ ծրագրերի իրագործման ճանապարհներ:

Լուսանկարներ

Նորություններ