Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը: 
12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ տեղական համայնքների հետ կապեր հաստատելու, փորձի փոխանակման, ինչպես նաև փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման և աջակցության ոլորտում հնարավոր համագործակցության շրջանակը քննարկելու նպատակով:
  Ողջունելով պատվիրակության անդամներին՝ համայնքի ղեկավարն արժևորել է Ֆրանսիայի եւ Հայաստանի բարեկամական ամուր եւ ջերմ կապերը, փաստել, որ հայ-ֆրանսիական կապերն առավել հոգեբանական և զգայական մակարդակում են, քանի որ երկու երկրները կիսում են ժողովրդավարական արժեհամակարգը: 
 Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մեր համայնքում ապաստանած արցախահայերին վերաբերող հարցեր, քննարկվել հնարավոր հեռանկարներ:
 Պատվիրակության անդամները հետաքրքվել են համայնքի ենթակառուցվածքներով, բնակիչների զբաղվածության ուղղություններով, Լեռնային Ղարաբաղի` մեր համայնքում վերաբնակեցված քաղաքացիների խնդիներից, ծրագրերից:
 Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելել է թիվ 2  «Շուշան» մանկապարտեզ, որտեղ այս պահին ընթացքի մեջ են նորոգման աշխատանքներ` Ֆրանսիայի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի հետ համագործակցությամբ, նաև Տերյան փողոցի այգի, որտեղ հյուրերը ծանոթացել են այլ համագործակցություններով կատարված համայնքային ծրագրերին: 
Այցի ավարտին պատվիրակության անդամներն այցելել են վերաօծված Մայր Տաճար և Խրիմյան Հայրիկ թանգարան: