Հանդիպում ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ Կորդոբայում Հայաստանի պատվավոր հյուպատոսի հետ

Foreign Relations
05.11.2024

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին եւ Կորդոբայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Խուան Կարլոս Մերդինյանին:
Հանդիպման առանցքային թեման եղել է Էջմիածնի եւ Կորդոբայի միջեւ քույր քաղաքների համագործակցության ձեւավորումը:
Ողջունելով հյուրերին՝ տիկին Դիանա Գասպարյանը խոսել է քույր քաղաքների ընտրության, առկա համագործակցությունների մասին:
«Մենք այժմ վարում ենք քույր քաղաքների աշխարհագրությունն ընդլայնելու քաղաքականություն եւ մշտապես մեծ կարեւորություն ենք տալիս քաղաքների նմանություններին: Կորդոբան հայտնի է որպես «Զանգերի քաղաք»՝ շնորհիվ իր եկեղեցիների եւ մշակույթի: Նաեւ հայ համայնքի ակտիվությունը կարող է մեծապես նպաստել երկու քաղաքների հաջող համագործակցությանը»,- նշել է համայնքի ղեկավարը:
Պարոն Ռաֆայել Ալեմանը խոսել հայերի՝ Արգենտինայի պատմության մեջ ունեցած նշանակալի դերի մասին, ընդգծել, որ երկու երկրները մշտապես ունեցել են բարիդրացիական կապեր, ինչը կարող է առավել ամրապնդվել երկու քաղաքների համագործակցության շնորհիվ:
Կորդոբայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Խուան Կարլոս Մերդինյանը շնորհակալություն է հայտնել կողմերին՝ համագործակցության հասնելու ճանապարհին ներդրած ջանքերի եւ հավատի համար, նախանշել համագործակցության եւ բարեկամության համաձայնագրի հետագա քայլերը:

Photos

News