Էջմիածնի 2709-ամյակի միջոցառումները

Տոներ և հիշատակի օրեր
10.10.2024

Հոկտեմբերի 8-ին Էջմիածինը նշեց հիմնադրման 2709-ամյակը:
Տոնական օրվա համար նախատեսված էին բազմաբնույթ միջոցառումներ:
Օրը մեկնարկեց ծաղկեդրում կատարելով եւ հարգանքի տուրք մատուցելով մեր հերոս զավակների հիշատակին:
Պաշտոնական հատվածում տեղի ունեցավ համայնքի ավագանու հանդիսավոր նիստը եւ մեր մարզիկների պարգեւատրման արարողությունը:
Ավագանու նիստում որոշում է կայացվել Վաղարշապատ համայնքի «Համայնքի ղեկավարի մեդալ»-ի ձեւը եւ շնորհման կարգը սահմանելու մասին:
Հանդիսավոր նիստին հաջորդել է անցնող տարվա ընթացքում միջազգային եւ հանրապետական մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած մեր համայնքի մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման արարողությունը:
Արարողության ավարտին Վաղարշ արքան հյուրերին ուղեկցել է «Գյուղաքաղաք»՝ ականատեսը դառնալու հին հայերի կենցաղին եւ վարքուբարքին:
«Գյուղաքաղաքի» հայկական կոլորիտային տաղավարներում ցուցադրված են եղել մեր համայնքի տաղանդաշատ ձեռներեցների աշխատանքները, հատուկ հատվածում ներառվել են հին Էջմիածնի կենցաղային իրեր, գորգեր, պատկերներ:
Մեր քաղաքի օրվան նվիրված միջոցառումների լավագույն ավանդույթներից մեկը հանդիսացող տոնական մեծ շքերթին ներգրավված էին համայնքի կորիզը կազմող կառույցների հարյուրավոր ներկայացուցիչներ։
Հանրակրթական դպրոցներն այս անգամ ներկայացնում էին Հայաստանի արքայատոհմերը: Շքերթի ամփոփիչ ընդգրկուն պարին ներգրավված էին մեր համայնքի պարի խմբերի սաները։
Շքերթը եզրափակվեց Կոմիտասի անվան հրապարակում՝ «Համայնքի ղեկավարի մեդալ»-ի շնորհման արարողությամբ։ Օրվա մեկնարկին՝ ավագանու որոշմամբ սահմանված մեդալին առաջինն արժանացան պարուսույց Անահիտ Սարգսյանը, «Արիա» վոկալ-ստուդիայի ղեկավար Անահիտ Կոշկարյանը, քանդակագործ Սեւակ Նալբանդյանը, «Արմֆայթինգ Էջմիածին» մարզական ակումբի ղեկավար Անդրանիկ Կարապետյանը, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, երգիչ Սարո Թովմասյանը։
2-րդ անգամ կայացավ Քուֆթայի փառատոնը: Նպատակ ունենալով պահպանել, զարգացնել եւ հանրահռչակել մեր ազգային խոհանոցի լավագույն ավանդույթները, նպաստել զբոսաշրջության զարգացմանը, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ-ի հետ 2-րդ անգամ կազմակերպեցինք Քուֆթայի փառատոնը։
Այս տարի փառատոնն ուներ թվով 17 մասնակից՝ ռեստորաններ, հասարակական կազմակերպություններ, հանրային սննդի կետեր:
Սահմանված էր երեք մրցնակ՝ «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում», «Լավագույն համ» անվանակարգերում, որոնցում հաղթեցին «էյջ», «Ֆլոքս» եւ «Նոր Դվին» ռեստորանները։ Գլխավոր մրցանակին արժանացավ «Գաստոր պլազա»-ն։
Հաղթողներից զատ շնորհակալագրերով պարգեւատրվեցին նաեւ բոլոր մասնակիցները եւ ժյուրիի անդամները:
Ամփոփվեց նաեւ համայնքապետարանի կողմից անցկացված ստեղծագործական մրցույթը, հաղթողները պարգեւատրվեցին հատուկ մրցանակներով։
Փառատոնի ընթացքն ուղեկցվեց «Մենք պրոջեքթ» խմբի համերգով, մեր համայնքի պարի խմբերի կատարումներով:
Իսկ օրը եզրափակեցինք Սարո Թովմասյանի եւ Կարեն-Սեւակ բենդի շքեղ համերգով, որը երգչի նվերն էր մեր Էջմիածնի 2709-ամյակին:

Նորություններ