Վաղարշապատի համայնքապետարանը եւ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն կնքել են Իսի լե Մուլինո փողոցի ծառատունկը համատեղ իրականացնելու հուշագիր:
Այսօր Վաղարշապատի Պատմազգագրական թանգարանում համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը եւ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն պարոն Գեւորգ Մաչանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ կատարել խոշոր ծառատունկ հիմնանորոգվող Իսի լե Մուլինո փողոցում: Կարեւորելով համայնքապետարան-մասնավոր հատված գործակցությունը, «Քաղաքային ծառատունկ» ծրագրի շրջանակում համայնքապետարանը դիմել էր բանկին՝ նշված փողոցի ծառատունկի նախաձեռնությանը միանալու առաջարկով:
Բանկը պատրաստակամություն է հայտնել նախագծին նվիրաբերել է 30 հատ «Կանադական հուդայածառ» տեսակի ծառեր: Տնկման աշխատանքներն իրականացվելու են Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման եւ Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողություններին ընդառաջ՝ նպաստելով նաեւ քաղաքի բարեկարգմանը եւ էկոլոգիական վիճակի բարելավմանը։
Այս նախագիծը կարեւոր նշանակություն ունի համայնքի զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանման առումով, նաեւ ընդգծում է «ԱրմՍվիսԲանկի» նվիրվածությունը համայնքային նախաձեռնություններին ու շրջակա միջավայրի բարելավմանը:
Համայնքապետարանի եւ Բանկի համագործակցությունն ունի երկարամյան պատմություն, ինչպես նաեւ բազմաթիվ են համայնքանպաստ այլ ներդրումները, որոնք տարիներ շարունակ կատարվել են բանկի գործադիր տնօրեն, «Էջմիածին քաղաքի բարեկամ» Գեւորգ Մաչանյանի կողմից:
Նախագծի այս փուլը եւս մեկ օրինակ է համայնքապետարանի եւ մասնավոր հատված հաջող համագործակցության, որի նպատակն է աջակցել հասարակական կարեւոր նախաձեռնություններին եւ համայնքի կայուն զարգացմանը։
«Քաղաքային ծառատունկ» ծրագիրը կրելու է շարունակական բնույթ՝ ընդգրկելով համայնքի այլ հատվածներ: