Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
02.06.2024

Սիրելի՜ փոքրիկներ, հարգելի՛ ծնողներ,
Սիրով շնորհավորում եմ բոլորիս տարվա ամենալուսավոր ու պայծառ տոնի առթիվ։
Հարգելի՛ ծնողներ, մեզնից յուրաքանչյուրը փորձում է հնարավոր լավագույն մանկությունն ապահովել երեխաների համար, ստեղծել հարթ ճանապարհ, երջանիկ եւ անհոգ պահեր, տալ երեխաներին որակյալ դաստիարակություն ու կրթություն:
Համայնքապետարանն իր հերթին փորձում է անել հնարավորը մեր փոքրիկների համար։ Այս պահին վերանորոգման փուլում են գտնվում համայնքապատկան երկու մանկապարտեզներ, նոր մարզական հրապարակ եւ մինի ֆուտբոլի դաշտ է այս շրջանում հանձնվում շահագործման, կենտրոնական գրադարանն անընդմեջ համալրվում է մանկական լավագույն գրականությամբ, պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ։ Մենք փորձում ենք շարունակաբար զարգացնել համայնքապատկան արտադպրոցական հաստատությունները, որպեսզի մեր փոքրիկները որակյալ կրթությունը ստանան կերպարվեստի, երաժշտության եւ սպորտի ոլորտներում:
Երեխաները հասարակության ապագան են, գալիքի ստեղծողը, եւ բոլորիս նպատակն է, որ մեր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ, երազեն ապագայի մասին, որը կապված է մեր համայնքի եւ հայրենիքի հետ:
Թանկագի՜ն փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ ձեզ համար տարվա յուրաքանչյուր օրը լինի տոն եւ վայելեք ձեր մանկության լավագույն պահերը։

Նորություններ