Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
 Այցը ճանաչողական էր դեսպանի համար. սա նրա առաջին պաշտոնական հանդիպումն էր համայնքի ղեկավարի հետ: 
  Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղիներն ընդլայնելու հնարավորությունները, Շվեդիայի Թագավորությունում հայկական համայնքի ներուժն օգտագործելու, ծրագրերի մշակման հեռանկարները։ Շոշափվել է շվեդական «Սալար ինթրնեյշնլ» կազմակերերպության՝ «Դպրոց-համայնք» ծրագրին մեր համայնքի դպրոցների մասնակցության կարեւորությունը եւ հնարավոր արդյունքները: 
  Համայնքի ղեկավարը դեսպանին ներկայացրել է պաշտոնավարման ընթացքում քաղաքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները, խոսել քաղաքի զարգացման տեսլականի, առկա խնդիրների լուծման ճանապարհների,  սպասվելիք ծրագրերի մասին։ 
 Տիկին Դիանա Գասպարյանը նաեւ հետաքրքրվել է կենտրոնացված կառավարման շվեդական փորձով՝ քաղաքային նախագծման, տրանսպորտային ցանցի արդյունավետ ստեղծման եւ կառավարման համակարգերով: 
  Պարոն Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ Էջմիածինը հրաշալի վայր է ծրագրերի իրականացման համար, քանի որ Հայաստանի հոգեւոր կենտրոնը լինելուց բացի, ունի զբոսաշրջային մեծ ներուժ եւ աշխարհագրական բարենպաստ դիրք: 
 «Այն հանգամանքը, որ Էջմիածինը Հայաստանի հոգեւոր կենտրոնն է եւ զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկը, կարող է խթան հանդիսանալ համայնքի եւ Շվեդիայի միջեւ ուղիղ համագործակցության ստեղծման համար»,-նշել է դեսպանը: 
 Հանդիպման ավարտին դեսպանը համայնքի ղեկավարին է նվիրել Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոքհոլմի վերաբերյալ ծավալուն պատկերագիրք: