Մայիսի 9-ը մեր պատմության մեջ կարևորագույն նշանակություն ունեցող օրերից մեկն է, երբ կրկին վերաիմաստավորում ենք Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում հերոսաբար ընկած ազգի նվիրյալ որդիների սխրագործությունները՝ հանուն հայրենիքի, մեր պետականության պահպանման և հզորացման։ 
 Համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ, թիվ N զորամասի սպայական անձնակազմն ու զինծառայողները, համայնքի ավագանու անդամները, համայնքում գործող պետական ստորաբաժանումների աշխատակիցները, դպրոցների սաները և բազմաթիվ  քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին համայնքապետարանի հարակից պուրակի Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձանին և «Անմար կրակ» հուշահամալիրում՝ ի խոնարհում Հայրենական ու Արցախյան պատերազմներում իրենց կյանքը զոհած հերոս հայորդիների։ 
 Մեր սերունդների սխրագործությունները, մեր պատմության հայրենանվիրման նմանօրինակ էջերը ուժ են տալիս պահպանելու մեր ազգային ինքնությունը և ամենօրյա ջանք ներդնելու մեր պատմության նոր հաղթական էջեր գրելու համար:  
Հավերժ փառք և խոնարհում բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի լինելության իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսներին: