Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոնի նահանգային խորհրդի նախագահ, Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլիայի նախագահ տիկին Մարտին Ժիլ Վասալի գլխավորած պատվիրակությունը:
Այսօր՝ ապրիլի 9-ին, պատվիրակությունը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի և համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ։
Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարն արժևորել է Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամական ամուր կապերը, երախտագիտությամբ փաստել, որ Ֆրանսիան մշտապես եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին: Տիկին Դիանա Գասպարյանը համոզմունք է հայտնել, որ Էջմիածնի և ֆրանսիական քույր քաղաքների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել, ինչպես եղել է տարիներ շարունակ, և մեր համայնքը մշտապես բաց է համագործակցության նոր հեռանկարների համար:
«Մեզ համար ողջունելի է, որ Ֆրանսիայի հետ մեր գործընկերային հարաբերությունները չեն սահմանափակվում միայն քույր քաղաքների հետ համագործակցությամբ, այլ նաև ջերմ կապեր ենք ստեղծում այլ քաղաքների հետ ևս, փնտրում ենք գործընկերության նոր շրջանակներ»,- նշել է համայնքի ղեկավարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մեր համայնքում ապաստանած արցախահայերին վերաբերող հարցերը:
Նախքան համայնքի ղեկավարի հետ հանդիպումը, պատվիրակությունը՝ մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Էջմիածնում գործող «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի «Էջմիածին 13» դիսպանսեր-ատամնաբուժարան, ծանոթացել այնտեղ իրագործվող սոցիալական ծրագրերին, ընդհանուր աշխատանքներին: