Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձը Մայրության օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
08.04.2024

Սիրելի՜ մայրեր, սիրելի կանայք,
Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առթիվ:
2018 թվականից սկսած ես հարյուրավոր ուղերձներ եմ հղել որպես Հայաստանի առաջին կին քաղաքապետ և համայնքի ղեկավար, բազմաթիվ առիթներով անդրադարձել եմ կանանց և մայրերի դերին մեր համայնքի, մեր հասարակության ու հայրենիքի կյանքում, իրապես գիտակցել եմ այն կենսագործող առաքելությունը, որ բնատուր շնորհված է ձեզ։
Այս տարի, սակայն, ես առաջին անգամ ոչ միայն գիտակցում, այլ նաև զգում և կիսում եմ այն առաքելության ողջ գեղեցկությունն ու պատասխանատվությունը, որ տրված է մայրերին։ Առաջին անգամ ես դիմում եմ ձեզ ոչ միայն որպես համայնքի ղեկավար, այլ նաև որպես մայր։
Ես մաղթում եմ ձեզ անսահման տոկունություն, ջերմեռանդություն և հաստատուն կամք, քանզի մայրն է երեխային` կյանքին և աշխարհին կապող առաջին կամուրջը, առաջին ուղեկիցը։
Թանկագին որդեկորույս մայրեր, ապրումակցումի և գորովանքի հստակություն այժմ զգում եմ ձեր հանդեպ, նոր զգացողությամբ կիսում ձեր կորստյան վիշտը։
Մեր երկրի համար այս դժվարին փուլին ես մաղթում եմ, որ մայրերը խաղաղ պայմաններում դաստիարակեն և կրթեն իրենց երեխաներին։
Սեր և ջերմություն ձեզ, սիրելի կանայք։
Հարատև խաղաղություն մեր երկրին։

Նորություններ