Արմավիրի մարզպետարանում այսօր կայացավ տարեվերջյան պաշտոնական հանդիպում, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, համայնքապետարանների աշխատակիցները, մարզպետի աշխատակազմը։
Մարզպետ Էդվարդ Հովհհաննիսյանը ամփոփեց անցնող տարին, նշեց, որ մարզային եւ համայնքային աշխատանքն արդյունավետ է ստացվել, հաշվի առնելով, որ տարին լի է եղել մարտահրավերներով, դժվարություններով, հատկապես պայմանավորված սեպտեմբերյան դեպքերով, որոնք պահանջեցին բոլորիս ուժերի լարումը եւ համախմբումը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ապահովելու կեցության անհրաժեշտ պայմաններով։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կողմից շնորհակալագրեր փոխանցվեցին այն աշխատակիցներին, որոնք մինչ այսօր ներգրավված են արցախահայությանը աջակցություն եւ անհաժեշտ օգնություն տրամադրելու գործընթացում։
Նախարարի կողմից շնորհակալագիր տրվեց նաեւ մեր համայնքապետարանի աշխատակազմին՝ բռնի տեղահանված ավելի քան 3000 անձանց աջակցություն տրամադրելու, կեցության եւ սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար։
Իր անունից մարզպետը եւս շնորհակալագրեր հանձնեց մի շարք համայնքային ծառայողների ու մարզպետի աշխատակազմի գործընկերների։