Շուտով Վաղարշապատը կունենա աղբահանության նոր համակարգ

Բարեկարգում
22.12.2023

7 աղբատար, 1 ինքնաթափ մեքենաները եւ 1200 մեծ աղբամաններն արդեն Էջմիածնում են:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը եւ համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցները տեղում ծանոթացել են մեքենաների տեխնիկական վիճակին, քննարկել աղբահանության նոր համակարգի ծրագրային մանրամասները։
Թղթաբանական-տեխնիկական վերջնական փուլի ավարտից հետո մեքենաները կհանձնվեն շահագործման, կկատարվի նոր աղբամանների բաշխումն ըստ պահանջի։ Արդեն 2024 թվականի տարեսկզբին համայնքում կգործի աղբահանության ամբողջովին նոր համակարգ, ինչը ներառված է եղել նաեւ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի նախընտրական ծրագում՝ որպես առաջնահերթ լուծման եւ համընդհանուր շահի սպասարկման խնդիր։
Այսպիսով, համայնքի ղեկավարի եւ համայնքապետարանի երկարատեւ ջանքերի շնորհիվ իրողություն կդառնա մաքուր միջավայրում ապրելու բոլորիս ցանկությունը։
Այդուհանդերձ, սիրելի քաղաքացիներ, այդ տեսլականը իրականություն կդառնա մի դեպքում, երբ աղբահանության նոր համակարգի ներդրմանը զուգահեռ դադարեն աղբը չնախատեսված վայրում նետելու, կենցաղային աղբը փողոցների փոքր աղբամանների մեջ գցելու արատավոր երեւույթները։
-------------------------------------
Առավել վաղ տեղեկացրել էինք, որ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրով ՀՀ Կառավարությունը Արմավիրի մարզին էր հատկացրել շուրջ 516,503.2 հազար ՀՀ դրամ, որից շուրջ 476,100.0 հազար ՀՀ դրամը՝ Վաղարշապատ համայնքի կարիքների համար աղբամանների եւ մեքենաների ձեռք բերման համար։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ Կառավարությանը, եւ իհարկե, Արմավիրի մարզպետի աշխատակազմին, որոնց ներդրման եւ գործուն մասնակցության շնորհիվ լուծելի դարձավ մեր համայնքի գլխավոր եւ առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրներից մեկը։

Լուսանկարներ

Նորություններ