Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձն Էջմիածնի հիմնադրման 2708-ամյակի առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
08.10.2023

Սիրելի համաքաղաքացիներ,
Այսօր բոլորիս հարազատ ծննդավայրը, մեր սիրելի եւ պաշտելի էջմիածինը դառնում է 2708 տարեկան։ Այս երկար ու ձիգ դարերի ընթացքում Արտիմեդը, Վարդգեսավանը, Վաղարշապատը եւ էջմիածինը լուռ վկան է եղել հայ ժողովրդի ճակատագրի, պատմության, նրա վերելքների եւ վայրէջքների։ Եվ, թեպետ մեզ համար սիրելի են Հայաստանի բոլոր անկյուններն ու քաղաքները, Էջմիածինը յուրահատուկ նշականություն ունի ոչ միայն Հայաստանում բնակվող հայերիս, այլև աշխարհասփյուռ հայության համար՝ լինելով հոգեւոր մայրաքաղաքը, մեր վանքերի եւ եկեղեցիների գեղեցիկ քաղաքը։
Համայնքապետարանը այս տարի մեծ ջանասիությամբ եւ հոգատարությամբ էր պատրաստվել քաղաքի տոնի միջոցառումներին։ «Իմ հոգու ամրոց Էջմիածին» խորագրի ներքո տոնական միջոցառումները հիմնականում պետք է նվիրված լինեին էջմիածնի պատմությանը, նրա անցյալին եւ ներկային, զարգացման տարբեր փուլերին։ Քաղաքում տիրելու էր տոնական տրամադրություն եւ գեղեցիկ գույներ։ Սակայն, ցավոք, այս տարի եւս ստիպված եղանք չեղարկել տոնական միջոցառումները, քանզի դավադիր թշնամին արդեն որերորդ տարին է՝ սեպտեմբերի մեզ համար դարձնում է դժվարին փորձությունների ամիս։
Այս տարի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած արյունալի գործողությունների արդյունքում զոհվեցին մեր հարյուրավոր արցախցի քույրեր ու եղբայրներ, այդ թվում նաեւ խաղաղ բնակչության շրջանում։ Իսկ հարյուր հազարավոր արցախցիներ 21-րդ դարում բռնեցին գաղթի ճանապարհը, բռնի տեղահանվեցին իրենց մայր հողից եւ հայրենիքից։
Եվ այսօր, իր 2708-ամյակին, համայն հայության հոգևոր կենտրոն էջմիածինը մեկ այլ առաքելություն է իրականացնում․ Այն դարձել է հյուրընկալ ընտանիք իր վիրավոր զավակների՝ արցախահայության համար։
Սիրելի էջմիածնեցիներ, ես վստահ եմ՝ մեզնից յուրաքանչյուրը տարբեր առիթով մեծ հպարտությամբ նշել է, որ հենց այս քաղաքի բնակիչն է, եւ կարծում եմ, որ այսօր պատեհ առիթն է ապացուցելու եւ ցույց տալու, որ մենք իրապես արժանի ենք՝ հոգեւոր կենտրոնի բնակչներ կոչվելու բարձր պատվին։ Ես կարծում եմ՝ մարդկային կարևոր որակներից են մեծահոգությունը, կարեկցանքը, դիմացինին ապրումակցելու կարողությունը, հոգատարությունը։ Եվ մենք այսօր պարտավոր ենք այս ամենը ցուցաբերել մեր արցախահայության նկատմամբ, եւ եւս մեկ անգամ ապացուցել, որ հոգեւոր կենտրոնի բնակիչները միասնական են, հյուրընկալ են եւ հոգատար են։
Ես ցանկանում եմ, որ այս դժվարությունների ալիքը մեզ չհուսահատեցնի, չչարացնի միմյանց նկատմամբ, քանզի միմիայն միասնականությամբ, միայն մեկս մյուսիս սատար լինելով կկարողանանք այս դժվարին շրջափուլը ավարտել եւ բռնել բարգավաճման եւ զարգացման ուղին։ Այնպես որ եւս մեկ անգամ՝ տոնդ շնորհավոր, սիրելի էջմիածին։ Ես վստահ եմ, որ դեռ բացվելու են խաղաղ ու պայծառ առավոտներ, եւ քո լավագույն օրերը դեռ առջեւում են։
Եվ վերջում, Արցախից բռնի տեղահանված եւ այս պահին Էջմիածնում ապաստանած փոքրիկ Անուշիկն իր մաղթանքը կասի մեզ։ Եվ արցախյան տարբեր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված այս պուրակում մենք ծառ կտնկենք, ի նշան հայ ժողովրդի սիրո, միասնականության, շարունակականության եւ վերհառնումի։
- Ուզում եմ, որ երկինքը միշտ խաղաղ լինի, ուզում եմ, որ մարդիկ միշտ ուրախ լինեն, ուզում եմ, որ մեր երեխաները լավ լինեն։ Խաղաղություն եմ ուզում։

Նորություններ