Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
01.09.2023

Սիրելի՜ աշակերտներ եւ ուսանողներ, պատվարժա՛ն ուսուցիչներ, կրթական ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ, պարզապես անդադար կրթվող մարդիկ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի եւ դպրության օրվա, ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Սիրելի՜ աշակերտներ եւ ուսանողներ, այսօր յուրահատուկ մեկնարկ է ձեզ համար, գրքի նոր էջի, կյանքի նոր փուլի անցման շեմ: Մաղթում եմ, որ անվախորեն, բարձր ինքնավստահությամբ, նոր գիտելիքների ծարավով սկսեք այս պատասխանատու փուլը: Յուրաքանչյուրդ ձեր մեջ հավատացեք, որ կարող եք ձեր գիտելիքով ու հաստատակամությամբ դրական փոփոխություն բերել ձեզ շրջապատող աշխարհին, օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը, մեր համայնքին, ձեր ընտանիքին եւ, իհարկե, ինքներդ ձեզ:
Պատվարժա՛ն ուսուցիչներ, դասախոսներ, ամեն սեպտեմբերյան մեկնարկ նոր հույզերով եւ սպասումներով լի է ձեզ համար: Նույնքան մեծ է սպասումը ձեր անձից, քանզի դո՛ւք եք ուսումնառողներին ոչ միայն գիտելիք, այլեւ մարդկային վեհ արժեքներ ու գաղափարներ փոխանցող կարող ուժը: Դուք անձնուրացորեն ծառայում եք գալիք սերունդների կրթության եւ դաստիարակության ծանր ու պատասխանատու գործին, կերտում մեր երկրի զարգացմանը նպաստ բերող նոր շառավիղ: Մաղթում եմ ձեզ անխափան երթ այդ ճանապարհին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում արդյունավետ ուսումնական տարի:

Նորություններ