Գալա֊համերգով ամփոփվեց «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնը

Culture
18.07.2023

Կոմիտասի անվան մշակույթի պալատում գալա֊ համերգով ամփոփվեց Փոքրիկ քայլ մրցույթ-փառատոնը:
Շուրջ մեկ ամիս ավելի քան 1700 տաղանդաշատ պատանիներ երգով ու երաժշտությամբ պայքարեցին հաղթողի տիտղոսների համար՝ 12 անվանակարգում: Այսօր կայացած ամփոփիչ համերգի ընթացքում ելույթ ունեցան Գրան պրի մրցանակակիրներն ու առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները։
Հիմնական անվանակարգերից բացի հանձնվեցին նաեւ հատուկ մրցանակներ փառատոնի կազմակերպիչների եւ գործընկերների կողմից:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հատուկ մրցանակ հանձնեց Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրի երաժշտական դպրոցին, խոսքում անդրադարձավ մրցույթ-փառատոնի դերին մեր համայնքի մշակութային կյանքում: Համայնքի ղեկավարը նշեց, որ «Փոքրիկ քայլը» կայացած եւ իրականություն դարձած երազանք է, որն ամեն տարի ավելի է ընդլայնում իր աշխարհագրությունը։
«ԱրտՊրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ եւ մրցույթի գեղարվեստական ղեկավար Արտյոմ Հարությունյանը շնորհակալության խոսքում անդրադարձավ մրցույթի միջազգայնացմանը, շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարարությանը ցուցաբերած մեծագույն աջակցության համար։
Մրցույթ֊փառատոնին ներկա էին պաշտոնատար անձինք, արվեստի եւ մշակույթի ականավոր ներկայացուցիչներ։
Շնորհակալ ենք մրցույթի բարեկամ կազամակերպություններին եւ անհատներին մասնակիցներին հատուկ մրցանակներ հանձնելու համար։
2019 թվականին, նպատակ ունենալով համախմբման մեկ հարթակ ստեղծել Հայաստանի տաղանդավոր երաժիշտ պատանիների համար, Վաղարշապատի համայնքապետարանը եւ «Արտպրոգրես» Մշակութային Հասարակական Կազմակերպությունը ստեղծեցին «Փոքրիկ քայլ» փառատոնը, որը չորորդ տարին իր շուրջ համախմբեց ավելի քան 1700 տաղանդաշատ երաժիշտ պատանիների՝ նոր էջ բացելով մեր երկրի մշակութային կյանքում:
Հպարտությամբ պետք է նշել, որ մրցույթի ժյուրիի կազմում ներգրավված են Հայաստանի ժողովրդական արտիստներ, վաստակավոր արտիստներ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բազմաթիվ պրոֆեսորներ:
Փոքրիկ բայց հստակ քայլերով «Փոքրիկ քայլը» գնում է դեպի մեծ նպատակներ։

Photos

News