Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Holidays and Memorial Days
01.06.2023

Սիրելի՜ փոքրիկներ, հարգելի՛ ծնողներ,
Սիրով շնորհավորում եմ բոլորիս տարվա ամենապայծառ ու ջերմ տոնի առթիվ։
Ցանկացած ծնող փորձում է լավագույն մանկությունն ապահովել երեխաների համար, այն լցնել ու հագեցնել դրական պահերով, տալ նրանց որակյալ դաստիարակություն ու կրթություն: Այդպես եւ մենք փորձում ենք անել հնարավորը, որ մեր փոքրիկները խաղան գեղեցիկ կահավորված խաղահրապարակներում, այցելեն բարեկեցիկ պայմաններում գործող մանկապարտեզներ, արտադպրոցական որակյալ կրթությունը ստանան համայնքապետարանի ենթակայությամբ գործող կերպարվեստի, երաժշտական եւ սպորտի ՀՈԱԿ-ներում:
Հարգելի՛ ծնողներ, շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, քանզի ձեր ուսերին է դրված մեր մանուկներին կրթելու, խնամելու, նրանց անհրաժեշտ ջերմությունն ու հոգատարությունն ապահովելու դժվարին առաքելությունը: Բոլորիս նպատակն է, որ մեր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ, երազեն ապագայի մասին, որը կապված է մեր հայրենիքի հետ:
Թանկագի՜ն փոքրիկներ, ցանկանում եմ, որ ձեզ համար տարվա յուրաքանչյուր օրը լինի տոն եւ վայելեք ձեր մանկության լավագույն պահերը։
Կրկին շնորհավորում եմ այս լուսավոր տոնի առթիվ՝ մաղթելով անհոգ ու արեւաշատ օրեր եւ անսպառ պայծառ ժպիտներ:
Սիրով՝
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

News