Զվարթնոց թաղամասի այգում տեղի ունեցավ պատերազմներում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը։
Հուշարձանը տեղադրվել է 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանային սանձազերծման հետեւանքով զոհված Հենրիկ Սաֆարյանի ընտանիքի նախաձեռնությամբ:
Հուշ֊ցերեկույթը սկսվեց հոգեհանգստյան կարգով, որը մատուցեց ՀՀ ԶՈւ գնդերեց Տեր Կորյուն քահանա Կարապետյանը:
Հուշ-ցերեկույթին ներկա էին նախորդ պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հարազատները, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, մարզպետարանի եւ համայնքապետարանի աշխատակիցներ:
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ հայերս բազմաթիվ դժվար փորձությունների միջով ենք անցել, բայց այսօր կանգուն ենք ի շնորհիվ մեր եղբայրների, մեր հերոս տղաների, ովքեր իրենց կյանքով հատուցեցին մեր՝ ոտքի կանգնելու հնարավորությունը:
Համայնքի ղակավար Դիանա Գասպարյանը, խոսելով հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների մասին, ընդգծեց, որ մեր հայրենիքի հողը ներծծված է մեր քույրերի ու եղբայրների արյամբ, ինչը մեզ պետք է պարտավորեցնի ավելի սիրել այս հողը, որովհետեւ նրա ամեն մի սանտիմետրի վրա մի կյանք է, մի կիսատ թողած երազանք:
«Այն երեխաները, որոնք այս այգում խաղալու են, վերաիմաստավորելու են հայրենիքի հանդեպ սերը, իրապես հասկանալու են, որ այն երկնքի տակ, որտեղ խաղում են, այն հողը, որի վրայով քայլում են, իրենց ավագ եղբայրների պահպանած հայրենիքն է»,- նշեց համայնքի ղեկավարը:
Այսօր Հենրիկ Սաֆարյանի ծննդյան օրն է՝ 20-ամյակը:
Հայրենիքին մատուցած ծառայությունների եւ անձնվիրումի համար Հենրիկը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» եւ «Արիության» մեդալներով: