Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
28.05.2023

Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ:
Մայիսի 28-ը հայոց հազարամյա պատմության կարեւորագույն եւ հաղթական էջերից է, հայերիս՝ ապրելու իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակներից մեկը։
Հայաստանի առաջին հանրապետությունը հայրենասիրության, հայրենանվիրումի եւ անկախության նշանակությունը գիտակցելու կարեւոր հիմք դարձավ հետագա սերունդների համար, այն հենարան դարձավ հայոց պատմության նոր պայքարների, հաղթանակների եւ սխրանքների։
Անկախ պետականությունը յուրաքանչյուր ժողովրդի հպարտությունն ու ձեռքբերումն է։ Եվ շուրջ 105 տարի անց, Հայաստանի անկախ հանրապետության գոյությամբ մենք երախտապարտ ենք նաեւ Առաջին հանրապետության հիմնադիրներին ու մայիսյան հերոսամարտերում զոհված մեր նախնիներին, որոնց պայքարի եւ հավատի շնորհիվ կերտվեց Առաջին հանրապետությունը` կարեւոր հիմքերից մեկը դառնալով նաեւ Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծման։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի առթիվ: Մաղթում եմ ամուր հավատ, միասնականություն եւ դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն:
Խոնարհումով՝
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

Նորություններ