Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Holidays and Memorial Days
26.05.2023

Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ շրջանավարտներ,
Համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ:
Հարգարժա՛ն ուսուցիչներ, այս տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեք խնայել ձեր սաների կրթության ու դաստիարակության գործում եւ անմնացորդ նրանց եք փոխանցել Ձեր գիտելիքներն ու հմտությունները, եղել եք նրանց համար ավագ ընկեր եւ լավագույն խորհրդատու: Այս օրը որքան կարեւոր եւ պատասխանատու է շրջանավարտների համար, նույնքան հուզառատ է Ձեզ համար:
Սակայն, սիրելի´ շրջանավարտներ, այս հրաշալի եւ արեւառատ օրը անմոռանալի է հատկապես Ձեզ համար: Դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, որն ավելի քան մեկ տասնամյակ ձեզ համար եղել է դաստիարակության և արժեհամակարգի ձեւավորման յուրահատուկ օջախ, հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, ովքեր Ձեր կողքին են եղել ձեւավորման, կրթության եւ հասունացման ճանապարհին:
Այսօր հույզերով լի օր է բոլորիդ համար, բայց վստահ եմ, որ հասուն կյանք ձեր քայլերը կատարելու եք ինքնավստահ եւ հավակնոտ գաղափարներով՝ հավատալով ձեր ներուժին եւ ձեր խիզախ որոշումներին:
Սիրելի´ շրջանավարտներ, կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթում եմ հետագա հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ եւ երջանկություն:
Վստահ եմ, որ դուք դառնալու եք մեր երկրի արժանավոր քաղաքացիներ ու մշտապես բարձր եք պահելու հարազատ դպրոցի եւ մեր համայնքի պատիվը:
Բարի երթ ու կանաչ ճանապարհ Ձեզ:
Հարգանքով՝
Վաղարշապատ համայնքի ղեկավար` Դիանա Գասպարյան

News