Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը եւ «Մեր տունը»
սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Տիգրանուհի Կարապետյանը կնքեցին հուշագիր, որի  նպատակն է ապահովել համագործակցության առավել ընդլայնված շրջանակ: Հուշագիրը միտված է օժանդակել մանկատան շրջանավարտ աղջիկների, ինչպես նաեւ խոցելի խմբերի ընտանիքների երեխաների իրավունքների պաշտպանությանը, կրթության ապահովմանը, նրանց՝ հասարակությանը ինտեգրելուն ուղղված ծրագրերին:  
 Համայնքապետարանի եւ «Մեր տունը» ՀԿ-ի համագործակցությունն ունի երկարամյա ջերմ պատմություն, եւ  հուշագրի ստորագրումը մեկ քայլ առաջ է՝ առավել սերտացնելու կողմերի միջեւ փոխգործակցությունը եւ ապահովելու համատեղ նախաձեռնությունների շարունակականությունը: 
 
 «Մեր տունը» սոցիալական ՀԿ-ն հիմնադրվել է 2006 թվականին՝ մանկատան շրջանավարտ աղջիկների կարիքները հոգալու համար: Այստեղ աղջիկները ապաստանում են, հնարավորություն ստանում ուսանելու, մասնագիտանալու տարբեր բնագավառներում, աշխատելու եւ ձեւավորելու իրենց ճանապարհը որպես անհատականություններ: