Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
01.05.2023

Սիրելի՜ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս տոնական այս օրվա՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
Այս օրվա խորհուրդը վերհաստատում է աշխատավոր մարդու եւ նրա կատարած աշխատանքի դերն իր համայնքի ու երկրի զարգացման գործում, նաեւ խորհրդանշում աշխատող մարդու իրավունքների պաշտպանության կարեւորությունը։
Մեր ազգային դիմագծերից մեկը մշտապես եղել է աշխատասիրությունը։ Մենք աշխատանքով ենք կերտել մեր երկրի լավագույն ավանդույթները, մեր ազգային հարստությունները, ձեւավորել գիտակցումը, որ ցանկացած մասնագետ մի մասն է պետականաշինության մեծ համակարգի, որտեղ նույնչափ կարեւոր են թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական աշխատանքը։
Յուրաքանչյուրիս անձնվեր ու անտրտունջ աշխատանքն է գրավականը, որով Հայաստանը կքայլի ժամանակին համընթաց՝ լավագույն ավանդույթներին զուգընթաց որդեգրելով նաեւ նորարարություններ, աշխատանքի կազմակերպման և աշխատողների իրավունքների պաշտպանության կարեւորագույն չափանիշներ:
Այսօր, բարձրագոչ ուղերձներից անդին, կարեւոր է մի պարզ բանաձեւի գիտակցումն ու ընդունումը․ Բարեխիղճ եւ ազնիվ աշխատատանքը վարակիչ է գործընկերների, ընկերների եւ աշխատանքի շահառու բոլոր անձանց համար։
Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս ամենօրյա բարեխիղճ եւ ազնիվ աշխատանքով օրինակ դառնանք մյուսների համար, եւ մեր ջանքերը ծառայեցնենք մեր հայրենիքի, մեր համայնքի շենացման եւ զարգացման ուղուն։
Երախտագիտությամբ`
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

Նորություններ