Մարտի 10-ին տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքի ղեկավարի՝ 2022 թվականի հաշվետվության բաց եւ հրապարակային զեկուցման միջոցառումը։
Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում համայնքապետարանի կատարած աշխատանքների հաշվետվությունը, օրենքով սահմանված կարգով, տեղադրված է համայնքային կառավարման տեղեկատվական պաշտոնական համակարգում, ինչպես նաեւ ամենօրյա կատարվելիք աշխատանքների արդյունքներին մեր քաղաքացիները ծանոթանում են համայնքապետարանի պաշտոնական կայքէջերից ու սոցհարթակներից։ Սակայն, նպատակ ունենալով հաշվետվությունը հասանելի դարձնել հանրության առավել լայն շրջանակների՝ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանդես եկավ բաց եւ հրապարակային զեկուցմամբ։
Համայնքի ղեկավարն ամփոփեց համայնքապետարանի կատարած մեկ տարվա աշխատանքը՝ խոսքում ընդգրկելով համայնքային կյանքի բոլոր ոլորտները։
Զեկույցում անդրադարձ կատարվեց ինչպես գրանցած հաջողություններին, ձեռքբերումներին եւ ապագա ծրագրերին, այնպես էլ մատնանշվեցին առկա խնդիրները, թերություններն ու բացթողումները։
Միջոցառմանը ներկա էին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանը, համայնքի ավագանու անդամներ, պատվավոր քաղաքացիներ, համայնքում գործող պետական եւ հանրային ենթակառուցվածքների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ: