Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձը կանանց միջազգային տոնի առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
08.03.2023

Թանկագի՛ն կանայք եւ աղջիկներ,
Շնորհավորում եմ գարնան այս լուսավոր տոնի առթիվ:

Ի բնե նուրբ ու վայելչատես կանայք, միեւնույն ժամանակ, իրենց ընտանիքների հենասյունն են, տան ջերմությունն ու ապահովությունը պահպանողը, ապագա ազգասեր ու արարող սերունդների կրթողն ու դաստիարակողը:
Ցանկանում եմ առանձնակի երախտիքով շնորհավորել այն մայրերին, որոնց որդիներն այժմ գտնվում են զինվորական ծառայության մեջ, այն կանանց, ովքեր կանգնած են մեր երկրի պաշտպանության գործի կենտրոնում։ Խոնարհումս որդեկորույս մայրերին. ձեր ամրությունն ու ուժն այն գործոններից են, որ մեզ ստիպում են անմնացորդ սիրով ու նվիրումով ծառայել հայրենիքին:
Այս գեղեցիկ տոնը կապվում է ջերմ եւ լուսավոր զգացողությունների հետ, սակայն առաջնահերթ այսօր կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Կանանց իրավունքների ամրապնդման, հասարակության մեջ կնոջ դերի ընկալման առումով մենք դեռ շատ անելիք ունենք: Որպես Անկախ Հայաստանի պատմության առաջին կին քաղաքապետ (այնուհետ՝ համայնքի ղեկավար) սատարումս եմ հայտնում բոլոր կանանց եւ աղջիկներին, ովքեր խիզախորեն շարժվում են իրենց նպատակներին ընդառաջ, զարգանում են եւ օգնում են համայնքին ու երկրին զարգանալ:
Խոսքս ցանկանում եմ եզրափակել անվանի հասարակական գործիչ, գրող Զապել Եսայանի խոսքով.
«Կինն աշխարհ չի եկել միայն հաճելի լինելու համար։ Կինը եկել է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիկական հատկությունները զարգացնելու համար»։
Սիրելի մայրեր, քույրեր եւ դուստրեր, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում անսահման սեր, հմայք եւ ուժ:

Նորություններ